ԱԻՆ օդադեսանտային փրկարարական ջոկատը հուլիսի 10-ին ՊՆ զորամասերից մեկի օդանավակայանում անցկացրել է հերթական գործնական պարապմունքը:

Մինչեւ ուսումնական թռիչք իրականացնելը, ԱԻ նախարարության եւ Պաշտպանության նախարարության միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, փրկարարական ջոկատի անդամները մասնակցել են հատուկ դասընթացների, որի ժամանակ նրանք ստացել են անկարգելի` պարաշյուտի կառավարման տեսական գիտելիքներ, իսկ հետո հատուկ սարքավորումների օգնությամբ սովորել են օդում կառավարել անկարգելը:

Վաղ առավոտյան ԱԻՆ օդադեսանտային ջոկատի անդամները ժամանեցին ուսումնական թռիչքի իրականացման վայր, որտեղ անցան նախաթռիչքային բժշկական զննում, այնուհետեւ սկսեցին նախապատրաստվել թռիչքին: ՊՆ գնդապետ Թեւոս եւ կապիտան Քրիստինա Իլիկչյանների ղեկավարությամբ իրականացվեցին ջոկատի անդամների հրահանգավորման աշխատանքները, որից հետո արդեն ամեն ինչ պատրաստ էր թռիչքի համար: Հրամանատարական դիտակետից ԱԻՆ օդադեսանտային փրկարարական ջոկատի անդամների ուսումնական թռիչքներին հետեւում էին ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը եւ փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանը: Ուղղաթիռն օդ բարձրացրեց օդադեսանտային ջոկատի անդամներին, որտեղ մոտ 800 մետր բարձրությունից իրականացվեցին թռիչքները:

Այս անգամ ուսումնական թռիչք կատարեցին օդադեսանտային ջոկատի 16 անդամներ, որոնցից 4-ը` գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ: Օդային պարապմունքն անցավ նախատեսված պլանի համաձայն, ԱԻՆ օդադեսանտային ջոկատը կատարեց օդային ուսումնական ծրագրով իր առջեւ դրված բոլոր խնդիրները: Այսպիսի օդային պարապմունքները շարունակական բնույթ են կրելու, դրանց ընթացքում ստացած գործնական հմտություններն ԱԻՆ օդադեսանտային ջոկատի անդամները անհրաժեշտության դեպքում կկիրառեն իրական օդային փրկարարական աշխատանքների ժամանակ: