Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ Մակիչ Կեսոյանն այսօր՝ հուլիսի 10-ին, ընտանիքով Կառավարության շենքի մոտ էր եկել՝ պահանջելու արդար դատավարություն իրականացնել եւ վերադարձնել խաբեության հետեւանքով իր կորցրած 100 000 դոլարը։ Նա պնդում է, որ 2007թ. սեփական տուն է գնել Երեւանում, սակայն պարզվել էր, որ վաճառողը տան սեփականատերը չէ, բայց իր գումարը չեն վերադարձրել։
«Ես էդ տանտիրոջը գումար չեմ տվել, նրան չեմ ճանաչում, գումարը տվել եմ Արայիկ Կեսոյանին, ինքը տվել է ինչ-որ մի բրոկեր Գարիկ Սարգսյանին, տունն էլ եղել է Գարիկ Սարգսյանի ընկերոջ հոր անունով, ես նրանցից եմ առել, հիմի ինձ տանում, ֆռացնում, հասնում են ոմն Լարիսա Զաքարյանին, որին ես չեմ ճանաչում։ Ես այդ հարցով բոլոր դատախազներին դիմել եմ, միայն ինձ Կոստանյանը չի պատասխանել»,-ասաց Մակիչ Կեսոյանը։
Նրա խոսքով՝ գործը դատարան է հասել, սակայն իր հայցը չի բավարարվել, գումարն էլ չի վերադարձվել։
«Բոլոր հիմքերը ունեմ, բայց օրինապահ մարմինները կոպիտ խախտումներով են գործել։ Ինձ շատ բան պետք չի, կարկուտ չի եկել, իմ կրիշը ծակել, ես ողորմություն չեմ խնդրում, ես միայն արդարություն եմ խնդրում»,-ասաց Մակիչ Կեսոյանը։
Մակիչի կինը՝ Նեկտար Կեսոյանը, նշեց, որ իրենք մի փոքրիկ, շատ հին տան մեջ են ապրում, ամուսինն էլ եղբոր հետ 10 տարի աշխատել է Ռուսաստանում, որպեսզի գնեն այդ տունը, սակայն արդյունքում իրենք էլի տուն չունեն։
«Մենք ումից որ տունը գնել ենք, ազատության մեջ ման են գալիս, տանում, մեղքը բարդում են ինչ-որ մի երրորդ անձի վրա։ Մենք բոլոր դատական ատյաններով անցել ենք, մեզ մերժում են, գործը փակուղի են տանում»,- ասաց Նեկտար Կեսոյանը։
Մակիչ Կեսոյանին այդպես էլ չհաջողվեց հանդիպել գլխավոր դատախազին։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











