Կա մի վկա, որը կարող է վկայություն տալ այն մասին, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` 27-ամյա Կարեն Եսայանի սպանությունից առաջ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանն ու Կարեն Եսայանը վիճել են։ Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, ՀՀ վերաքննիչ դատարանում ասաց Կարեն Եսայանի պաշտպան Լուսինե Սահակյանը, որը դատարանին միջնորդեց վերաքննական կարգ սահմանել եւ փակ դատական նիստ հրավիրել՝ վկային հարցաքննելու համար, քանի որ նա չի ցանկանում հրապարակել իր անունը՝ վախենալով հնարավոր հաշվեհարդարից։

«Էդ մարդն ասում ա՝ եթե որեւէ մեկը տեղյակ լինի, որ ես Սպարտակի դեմ ցուցմունք եմ տվել, ինձ կսպանեն»,-ասաց Լուսինե Սահակյանը:

Պաշտպանի խոսքով՝ վիճաբանությունը վկայում է այն մասին, որ  Սպարտակ Ղուկասյանը կապ ունի Կարեն Եսայանի սպանության հետ: Նրա խոսքով՝ իրենք նման միջնորդություն են ներկայացրել նաեւ առաջին ատյանի դատարանին, որը մերժվել է առանց հիմնավոր պատճառաբանության:

«Նա տեղեկություններ կարող է հաղորդել այն մասին, թե ինչ կոնֆլիկտ է եղել Սպարտակ Ղուկասյանի եւ Կարեն Եսայանի միջեւ: Սպարտակը Կարենից պահանջել է, որպեսզի նա այդ օրը չգնա նշանադրության: Արգելել է, նույնիսկ բառացի ասել է՝ կքոռանաս, բայց չես գա նշանադրության»,-ասաց Լուսինե Սահակյանը:

Պաշտպանը նշեց նաեւ, որ եթե վկայի հարցաքննությանը ներկա լինեն դատախազն ու տուժողի իրավահաջորդը, անհնար է, որ նրանք վկայի անձնական տվյալները Սպարտակ Ղուկասյանին չփոխանցեն: Պաշտպանի խոսքերը վրդովեցրին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմեն Մելքոնյանին:

«Ձեզ հավաստիացնում եմ, որ Սպարտակ Ղուկասյանին երբեւիցե չեմ ճանաչել: Վարդան Ղուկասյանին երկու անգամ եմ տեսել՝ դատական նիստերի ժամանակ։ Ի՞նչ տրամաբանություն կար, որ Սպարտակ Ղուկասյանի քրոջն ուզում են նշանեն, Սպարտակ Ղուկասյանը համաձայն չի, ուզում ա սպանի Կարեն Եսայանին, որպեսզի էդ գել ու գազանից ազատվեն: Կարեն Եսայանն իրենից ի՞նչ է ներկայացրել: Ամերիկայում տաքսի ա քշել մարդը: Սպարտակը մի զանգով կարար ապահովեր, որ Կարեն Եսայանն առաջին ռեյսով թռներ Միացյալ Նահանգներ: Տրամաբանության հատիկ կա՞ էստեղ»,-ասաց նա:

Արմեն Մելքոնյանի հայտարարությանն արձագանքեց ամբաստանյալը: «Տրամաբանությունից են խոսում: Բա տրամաբանությունը ո՞րն է, որ ես մարդուն չեմ ճանաչում՝ խանդում եմ: Մարդուն ապուշի տեղ են դնում»,-ասաց Հարություն Սարգսյանը:

Ամբաստանյալը կրկին հայտարարեց, որ ինքը եւ  Վարդան Ղուկասյանի դուստը՝ Մանյա Ղուկասյանը, միմյանց չեն ճանաչում։

«Էդ աղջիկն ասում ա՝ ինձ չի ճանաչել, մեղադրողն ասում ա՝ խանդել եմ էդ աղջկան: Մարդիկ եթե իրար տեսած չկան, չեն ճանաչում, ո՞նց կխանդեն: Ասում եմ՝ բերեք էդ աղջկան դատարան, մի անգամ չեն բերում: Ես հույս ունեմ, որ էդ աղջիկը գա, ես էս հարցերը տամ, ու բոլորի համար պարզ լինի, որ կապ չունի էդ աղջիկն իմ հետ»,- ասաց Հարություն Սարգսյանը:

Վերքննության կարգ սահմանելու իր միջնորդութան մերժումից հետո պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանից ժամանակ խնդրեց՝ մի շարք ապացույցների անթույլատրելիությունը հաստատելու միջնորդություն ներկայացնելու համար: Դատական նիստը հետաձգվեց:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2013թ. ապրիլի 12-ին Գյումրիում սպանվել է  այն ժամանակ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն` 27-ամյա Կարեն Եսայանը, որն ապրիլի 13-ին պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սպանության համար մեղավոր է ճանաչել եւ 15 տարվա ազատազրկման դատապարտել Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդուն՝ Հարություն Սարգսյանին։ Ըստ մեղադրական եզրակացության, նա խանդի հողի վրա է կատարել սպանությունը։ Սարգսյանները պնդում են, որ իրենց որդին անմեղ է, իսկ դատավճիռն` անարդարացի: Նրանք առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել են Վերաքննիչ դատարանում։