Նոյեմբերի 5-ի երթի մասնակիցների ձեռքի փայտերը ոստիկանների համար երթի սկզբում վտանգ չեն ներկայացրել, նրանք կարծել են՝ դրանք երթի ատրիբուտներից են՝ «սիմվոլիկա»։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Նոյեմբերի 5-ի գործով դատական նիստին իր ցուցմունքում ասաց գործով տուժող, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Առաքելյանը՝ պատասխանելով ամբաստանյալների հարցերին։
«Ձեռքի փայտերը եւ Գայ Ֆոքսի դիմակները այդ ժամանակ վտանգ չէին ներկայացնում։ Մենք ենթադրեցինք, որ դա սիմվոլիկա է»,- ասաց ոստիկանը։
Ամբաստանյալների հարցին՝ ոստիկանների կողմից ֆիզիկական ուժ կիրառվել է, թե ոչ, նա պատասխանեց. «Ես ուժ չեմ կիրառել։ Մեր կողմից հատուկ գործողություններ չեն կիրառվել»։
Դատավորը հանեց մեղադրյալ Տիգրան Պետրոսյանի այն հարցը, թե արդյոք ոստիկանն իրոք իրեն տուժող ճանաչում է՝ պատճառաբանելով, որ տուժողին ընտրում է նախաքննական մարմինը։
Ամբաստանյալ Տիգրան Պետրոսյանին դա դուր չեկավ. «Կարող ա՝ իրան էդ ժամանակ զանգել, ասել են՝ ընկերդ տղա կամ աղջիկ ա ունեցել, դրանից են աչքերը լցվել»։
Նշենք, որ տուժող Անդրանիկ Առաքելյանը իր ցուցմունքում ասել էր, որ ինքը տուժող է ճանաչվել, քանի որ «իր ոտքի տակ պայթած պայթուցիկներից աչքերը մռմռացել են»։
Փաստաբան Արա Զաքարյանի հարցին՝ արդյոք նա ընդունում է, որ եթե ոստիկաններն աջակցեին եւ օգնեին երթի մասնակիցներին փողոցը անցնել, ամեն ինչ խաղաղ կընթանար, տուժողը պատասխանեց. «Չեմ կարող ասել, ագրեսիվ էին շատ։ Իրենք ասում էին՝ ստեղով եմ գնալու։ Նրանք փայտերով հարձակվել են եւ չեն ենթարկվել մեր օրինական պահանջին»։
Իր ցուցմունքում ոստիկանն ասաց, որ չի տեսել, որ քաղաքացիական հագուստով մեկը հարձակվի երթի մասնակիցների վրա։
Դատական նիստը հետաձգվեց, քանի որ մեղադրյալ Շահեն Հարությունյանն իրեն վատ էր զգում։ Հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 16-ին։
Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):











