Արարատի մարզի Ոստան գյուղում ապրող Գեւորգյանների ընտանիքը, որի մի զավակը թշնամու արձակած գնդակից 8 տարի առաջ է զոհվել հայոց բանակում, կիսակառույց տանն է ապրում: Արտագնա աշխատանքի մեկնած հոր ու կրտսեր որդու աշխատավարձը բավականացնում է միայն ընտանիքի ամենօրյա նվազագույն կարիքները հոգալուն:
«Ամուսինս ու տղաս աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում, ես այստեղ եմ աշխատում չնչին աշխատավարձով: Տղաս ամուսնացած է, ապրում ենք մեր կիսակառույց տանը, որը 1972թ. է կառուցվել ու մինչեւ օրս չի վերանորոգվել: Միակ աջակցությունը, որ պետությունից ստացել ենք, տղայիս համար 30.000 դրամն է»,- NEWS.am-ին ասաց ընտանիքի մայրը՝ Գոհար Հովհաննիսյանը՝ նշելով, որ տունը վերանորոգելու համար անհրաժեշտ գումարի խնդրանքով մի անգամ դիմել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, սակայն դրական պատասխան չի ստացել:
Որդու՝ 20-ամյա Սարգիսի զոհվելուց հետո ընտանիքն առաջին անգամ ֆինանսական աջակցություն ստացավ այս տարվա հուլիսի 3-ին: Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի նախաձեռնությամբ «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագրի շրջանակում ընտանիքը ստացավ Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ փետրվարի 15-ին կազմակերպված տոնական միջոցառումից հավաքված գումարի իր բաժինը:
Տիկին Գոհարը հիշեց, որ ֆինանսական խնդիրների պատճառով որդուն բանակ զորակոչելուց հետո չի կարողացել նրան այցելության գնալ Ղարաբաղում, բացի այդ՝ իրենց մյուս որդին միեւնույն ժամանակ ծառայել է Տավուշի մարզում: Վերջին անգամ ընտանիքի անդամները Սարգիսին տեսել են բանակ ճանապարհելիս:
«Մեկ տարի 6 ամիս ծառայել էր, ընդհանրապես արձակուրդ չէին տվել իրեն: Ղարաբաղում էր ծառայում, ես ուզեցի գնամ, իրեն տեսնեմ, բայց թույլ չտվեց: Վերջին անգամ հետը խոսեցի, ասեց՝ վազքի մրցույթի եմ մասնակցել, ամեն ինչով առաջին տեղն եմ գրավել, ինձ խոսք են տվել, որ արձակուրդ կգամ: 2006թ. նոյեմբերի 24-ին պետք է գար, ասեց՝ կզանգես, պապային կասես, թող ինքն էլ Ռուսաստանից գա: Ասեց՝ ավելի լավ ա՝ ես գամ իմ համազգեստով, բոլորին կարոտել եմ: Բայց իր համազգեստով ուրիշ ձեւով եկավ, նույեմբերի 24-ին զոհվեց»,- պատմեց Գոհար Հովհաննիսյանը:
Տիկին Գոհարը հուզմունքով հիշեց, որ որդին որոշել էր վերադառնալուց հետո վերակառուցել գյուղի եկեղեցին. «Ասում էր՝Սուրբ Սարգիս եկեղեցին իմ անունով է, պիտի գամ, անպայման վերանորոգեմ»:
Տիկին Գոհարի խոսքով՝ տղան ծառայությունից դժգոհություն չուներ, ավելին՝ ասում էր, որ տղային ծառայելը պետք է: Զորակոչվելուց հետո ընտանիքի անդամների հետ շփվել էր միայն նամակներով ու հեռախոսով:
«Մեր հարեւանի տան հեռախոսով էինք խոսում: Որ իրանց մոտից օտպուսկ էին գալիս, նամակներ էին բերում: Ասում էր՝ մամա ջան, ծառայությունս շատ-շատ լավ ա: Ուղղակի կարոտն ա շատ: Ասում էր՝ ես նոր եմ հասկանում՝ տղային պետք ա ծառայել, որ կարողանա հետո ընտանիք պահել: Ուրախ եմ, որ ծառայում եմ հայրենիքի համար»,- որդու խոսքերը հիշեց մայրը:











