Ազգային միացյալ նախաձեռնության ղեկավար Շանթ Հարությունյանի՝ անցած տարվա նոյեմբերի 5-ին կազմակերպած բողոքի երթի ժամանակ Ռուբեն Հայրապետյանը Ազատության հրապարակում հայտնվել էր «ման գալու նպատակով, երբ պատահաբար հանդիպել է Զարուհի Փոստանջյանին, որն էլ սկսել էր նրան հարցաքննել»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՖՖ նախագահը, որը «Հարսնաքարի» դեպքերից հետո հրաժարվել էր պատգամավորական մանդատից:

«Ես իմ համար ման էի գալիս, չգիտեի՝ էնտեղ ինչ ա կատարվում, սրճարանում նստած էինք, ոտքով գնում էինք դեպի մեքենաները, ու չգիտես ինչու Զարուհի Փոստանջյան ա, Բոստանջյան ա, հայտնվում ա ու սկսում ինձ հարցաքննել: Ընդամենը նրան պատասխանել եմ, որ դու կոռեկտ եղիր ու քո ամուսնուն միայն հարցեր տուր: Տղամարդուն, որը անցնում ա, անհարմար ա, հատկապես որ 4 աղջիկ ունի, անհարմար ա իսկապես»,- ասաց նա:

Ռուբեն Հայրապետյանի խոսքով՝ ինքը Ազատության հրապարակում հայտնվել է դեպքերից միայն մեկ ժամ անց. «Ի՞նչ հեղափոխության ես պետք է մասնակցեի, որտե՞ղ էր էնտեղ հեղափոխություն: Ուղղակի մարդիկ էին հավաքվել ու խուլիգանություն էին անում, եւ ես էլ երեւի մասնակցում էի, չէ՞, ու ո՞ւմ դեմ էի մասնակցում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի, որն իմ կուսակցության ղեկավարն է, իսկ ես այն տեսակի մարդկանցից եմ, որ դավաճանությունն ինձնից հեռու է, չի կարող նման բան լինել: Զարուհի Փոստանջյանի հե՞տ էի հեղափոխություն անում: Ոչ, ես էդ տեսակը չեմ»:

Նշենք, որ նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում Ռուբեն Հայրապետյանի հետ նաեւ Սամվել Ալեքսանյանն էր:

Հիշեցնենք, որ «Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):