Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործությունից ներշնչված՝ ռուս ռեժիսոր Վիտալի Մանսկին, ազգությամբ հայ Մեսրոպ քահանա Արամյանի խնդրանքով, նկարահանել է «Գիրքը»  ֆիլմը, որի պրեմիերան տեղի ունեցավ այսօր՝ հուլիսի 14-ին, «Մոսկվա» կինոթատրոնում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում:

Ֆիլմի պրեմիերային ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Ֆիլմի  ստեղծագործական պրոդյուսեր, գաղափարական հեղինակ  Մեսրոպ քահանա Արամյանի խոսքով՝ ֆիլմի միջոցով ցանկացել են ցույց տալ Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործության եւ աշխարհիկ մարդու կյանքի կապը:

«Ֆիլմն այսօրվա աշխարհիկ մարդու հավաքական կերպարն է, ներշնչված է Նարեկացու մատյանով: Մենք համարում ենք, որ Նարեկացու գիրքը դուրս է ազգային սահմանափակումից: Այդ գրքում ոչ հայ բառը կա, ոչ Հայաստան: Այն համամարդկային խոշորագույն ստեղծագործություն է եւ այս ֆիլմով ուզում ենք ցույց տալ մարդկության ներկայիս վիճակը հայի կերպարի միջոցով»,-ֆիլմի պրեմիերայից առաջ լրագրողներին ասաց Մեսրոպ քահանա Արամյանը: Նա նշեց, որ «Գիրքը» նկարահանված է աշխարհի տարբեր երկրներում, ֆիլմում հերոսները խոսում են 5 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն, ֆիլմի գլխավոր հերոսը հայ է:

Ֆիլմի ռեժիսորի՝ Վիտալի Մանսկիի խոսքով, «Գիրքը» ֆիլմի նկարահանումը տեւել է երկուսուկես տարի, այն մեծ ջանքեր է պահանջել:

 «Ռեժիսուրայի առումով բարդ ֆիլմ է, այդպիսի ֆիլմեր շատ քիչ են, համենայն դեպս, նախկին ԽՍՀՄ երկրների տարածքում: Ֆիլմի պատրաստումը մեծ ջանքեր է պահանջել եւ արտադրման, եւ նախապատրաստման փուլում»,-լրագրողներին ասաց նա՝ նշելով, որ ֆիլմն արդեն ցուցադրվել է Մոսկովյան միջազգային կինոփառատոնին, բացի այդ առաջիկայում կցուցադրվի նաեւ միջազգային այլ փառատոնների: