Երեւանի բարձրագույն ուսումնական հաստատություններում այսօր՝ հուլիսի 15-ին, բուհեր ընդունված դիմորդների ցուցակների մոտ հերթեր էին գոյացել: Ընդունվողների ցուցակներում իրենց անունները փնտրող դիմորդներից շատերը բուհեր էին եկել ընկերների, ծնողների, տատիկ-պապիկների, առաջին ուսուցչուհիների հետ, որոնք ավելի հուզված էին, քան դիմորդները:
Դիմորդները NEWS.am-ի հետ զրույցում նշեցին, որ իրենք նախորդ օրն արդեն գնահատման եւ թեստավորման կենտրոնի կայքից տեղեկացել էին բուհերի անցողիկ միավորների մասին, բայց եկել են անձամբ կարդալու իրենց անունները:
«Գիտեինք, որ անցել եմ, բայց էլի շատ ուրախացանք, երբ անունս տեսանք»,-նշեց դիմորդներից մեկը:
ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը NEWS.am-ին տեղեկացրեց, որ այս տարի բուհեր է ընդունվել մոտ 10 հազար դիմորդ, քննությանը մասնակցած շուրջ 12,000 դիմորդներից 1974-ը անցողիկ շեմը չի հաղթահարել: 290 դիմորդ դրական միավոր է ստացել, բայց որեւէ բուհ չի ընդունվել, նրանից 169 դիմորդ չի ներկայացրել ատեստատ: Հանրապետական ընդունող հանձնաժողովի հուլիսի 14-ի որոշմամբ բուհերին հավելյալ տեղեր են տրամադրվել: Լրացուցիչ 120 տեղ է տրամադրվել ԵՊԲՀ-ին, 53 տեղ` Տնտեսագիտական համալսարանին, 20 տեղ` արվեստի բուհերին: Արա Իսպիրյանը տեղեկացրեց նաեւ, որ այս տարի դիմորդների թիվը, համեմատած նախորդ տարիների, շատ է եղել Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, քանի որ այնտեղ այս տարի դպրոցի գնահատականներով ընդունվելու հնարավորություն է եղել:











