2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպի ժամանակ տուժած ոստիկան Վահան Վրթանեսյանը, ըստ փորձագետ բժշկի, ունի սնկային հիվանդություն, այն  տարածված է  ոստիկանի թեւերին: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Armtoday կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի գործով դատական նիստին հայտարարեցին գործով մեղադրյալ Արգիշտի Կիվիրյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանը եւ Երվանդ Վարոսյանը։

«Լուսանկարներում, որը  քննիչն արել է, որպեսզի վնասվածքը ֆիքսի, տեսնում ենք, որ Վահան Վրթանեսյանը սնկային հիվանդություն ունի, դա ամբողջ թեւով մեկ տարածված է: Փորձագետն էլ է ֆիքսել, որ նա սնկային հվանդություն ունի»,- ասաց պաշտպան Լուսինե Սահակյանը:

Արգիշտի Կիվիրյանի պաշտպանները զարմացած էին, թե ինչպես կարող է նման հիվանդություն ունեցող մարդը շփվել բողոքի ակցիայի մասնակիցների հետ. «ՀՀ ոստիկանությունում աշխատում է մի մարդ, որը էս վիճակում շփվում ա ակցիայի մասնակիցների հետ: Նա ոստիկան է, որը շփվում է քաղացիների հետ, եւ ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնում»:

Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը):