Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայրը ՝ Անդրանիկ Մարգարյանը,  Անաստաս Միկոյանին  համարել է հայրենիք դավաճան։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ  համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Նոյեմբերի 5-ի գործով դատական նիստին հայտարարեց ամբաստանյալ Շանթ Հարությունյանը եւ քաղաքապետին խնդրեց Միկոյանի արձանը չտեղադրելՀայաստանում։

«Հայրենիքի դավաճանություն իրականացնելու համար իշխանությունը ցանկանում է հանդուրժողականություն ձեւավորել հայրենիքի դավաճանների նկամամբ։ Հայրենիքի դավաճանությունը փորձում են ներկայացնել որպես  հերոսականության դրսեւորում՝ Երեւանում տեղադրելով դավաճանի Միկոյանի արձանը։ Ցավն այն է, որ այդ որոշումը ընդունել է Տարոն Մարգարյանը, ում հայրը՝ Անդրանիկ Մարգարյանը, եղել է Ազգային միացյալ կուսակցության լիդերներից։ Տարոն ջան, դիմում եմ քեզ, դու պետք է լավ իմանաս, թե ԿԳԲ-ն  որքան ստոր կառույց է։ Երբ տեսնում է՝ մեկը պատրաստ է դավաճանել հայրենիքը, այդքանով չի բավարարվում։ Խնդրում եմ, եթե պաշտոնիդ բերումով ստիպված ես, կառուցիր Կամոյի արձանը, այլ ոչ թե Միկոյանի»,- ասաց Շանթ Հարությունյանը։

Շանթ Հարությունյանը նշեց, որ Տարոն Մարգարյանին է խնդրում չտեղադրել Երեւանում Միկոյանի արձանը, քանի որ նրա երկաներում Անդրանիկ Մարգարյանի արյունն է. «Անդրանիկ Մարգարյանի կոմունիստներին, մանավորապես, Միկոյանին դավաճան էր համարում, ու չեմ կարծում, որ նա ինձ քարոզում էր, որ Միկոյանը դավաճան էր, իսկ քեզ ասում էր, որ նա դավաճան չի։ Ես քեզ եմ դիմում, քանի որ մտածում եմ, որ հորդ արյունը ջուր չի դարձել քո երակներում»։

Շանթ Հարությունյանը պատմեց, որ Տարոն Մարգարյանի հայրը երազել է, որ իր որդին էլ պայքարի իր ընկերների եւ նրանց որդիներ հետ։

«Երբ հիմնվել էր Ազգային միացյալ կուսակցությունը, հայրս՝ Շահեն Հարությունյանն էր հասցրել ամուսնանալ եւ երեխա ունենալ, նա էր, որ տղա ուներ մեծ։ Եվ ես հասցել էի դառնալ հորս ընկերների ընկերը։ Նրանք կենաց էին խմում, որ իրենց տղաներն էլ մեր կողքին նստեն եւ պայքարեն հայրենիքի համար։ Բայց բոլորի երեխաները մեծանում էին, կողքիս նստողներ չէին լինոմ։ Ես էլ շատ էի ուզում, որ իմ տղան մեծանա եւ իմ պես պայքարի։ Տղաս այսօր դատարանում է,  իմ որդին իր հոր ընկերների կողքին նստած է, ոչ թե հանցագործ է  եւ այլ հայրենիքի համար է պայքարում»,- ասաց Շանթ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am