Դատավոր Մնացական Մարտիրոսյանը այսօր՝ հուլիսի 16-ին սանկցիա կիրառեց եւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ  համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից հեռացրեց լրագրող Գայանե Առուստամյանին, որը նախաքննական մարմնի կողմից Նոյեմբերի 5-ի գործով տուժող  ճանաչված, ՀՀ Ոստիկանության Երևանի Հատուկ ջոկատի 4-րդ վաշտի հրամանատար Գեղամ Խաչատրյանին անվանեց «անդաստիարակ»։

Գայանե Առուստամյանը բորբոքվեց, երբ Գեղամ Խաչատրյանն ասաց, որ ինքը ուղեղի ցնցում է ստացել  ամբաստանյալ, անչափահաս Շահեն Հարությունյանի  հարվածից, ինչից հետո հետապնդել եւ բռնել է Շահեն Հարությունյանին։

Դատարանի դահլիճից դուրս գալիս Գայանե Առուստամյանը տուժողին դիմելով՝ ասաց, որ նա ոստիկան չի, այլ «մենթ է ու չմո»։

Դատավորը որոշեց թույլ չտալ Գայանե Առուստամյանին այլեւս դատական նիստերի դահլիճ մտնել եւ մասնակցել Նոյեմբերի 5-ի գործով դատական նիստերին։

Հարցաքննության ժամանակ փաստաբան Ինեսա Պետրոսյանի հարցին, թե ինչու է  անչափահասի նկատմամբ կիրառվել ծեծ եւ բռություն, ոստիկանը պատասխանեց. «Իմ իրավունքի մեջ է մտնում ֆիզիկական ուժ  կիրառել, ձեռնամարտի բռնվել հասրակական կարգը պահպանելիս»։

Փաստաբանի Ինեսա Պետրոսյանը զարմանք հայտնեց, թե ինչպես է ոստիկանը ուղեղի ցնցում ստանալուց հետո շարունակել հետապնդել Շահեն Հարությունյանին, ինչին ոստիկանը պատասխանեց. «Ցանկացած համանատար պարտավոր է իր ծառայակիցների կողքին լինել ցանկացած իրավիճակում»։

Փաստաբան Հովհաննես Քոչարյանի հարցին՝ արդյոք իր աչքերն էլ են մրմռացել Նոյեմբերի 5-ին պայթյունի հետեւանքով, ինչպես նախորդ դատական նիստին ցուցմունք տված՝ գործով մեկ այլ տուժող, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Առաքելյանինը, Գեղամ Խաչատրյանը դրական պատասխան տվեց։ Նա նաեւ նշեց, որ չի տեսել, որ Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում քաղաքացիներին հարվածող՝ քաղաքացիական հագուստով ոստիկանների։

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):