ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ հուլիսի 17-ին, այցելեց ՀՀ Կենտրոնական հավաքակայան, մասնակցեց նորակոչիկների ծառայավայրերի ընտրության վիճակահանությանը, զրուցեց բժշկական ստուգում անցնող նորակոչիկների հետ եւ լսեց նրանց  ծնողների բողոքներն ու խնդրանքները:

Բուժզննման սենյակում նախարարը հանդիպեց մի նորակոչիկին, որը հրաժարվում էր  պատվաստումներից՝ ասելով, որ դեղային ալերգիա ունի, ու բժիշկներին խնդրեց «կրկնակի ստուգում անցկացնել, հետո նոր պատվաստել երիտասարդին»:

Նորակոչիկների ծառայավայրերի ընտրության վիճակահանությանը մասնակցելուց հետո նախարարը պատասխանեց ծնողերի հարցերին: Նորակոչիկ Արա Հարությունյանի հայրը՝ Թելման Հարությունյանը, խնդրեց իր որդուն Լեռնային Ղարաբաղ ուղարկել զինվորական ծառայության. «Իմ տղաներից մեկը ծառայել է Հայաստանում՝սպեցնազում, երկրորդը ծառայում է Լեռնային Ղարաբաղում, երրորդն էլ եմ ցանկանում՝ Ղարաբաղում ծառայի: Տղաս էլ է տրամադրված, ես էլ: Թող գնա Ղարաբաղ, կարեւոր չէ, թե որ զորամաս»:

Նախարար Սեյրան Օհանյանը, լսելով այս խնդրանքը, առաջարկեց Արա Հարությունյանին ուղարկել Լեռնային Ղարաբաղի այն զորամաս, որտեղ ծառայում է  Արայի եղբայրը: