Արցախի Քաշաթաղի շրջանում` Վաղազին գյուղի մոտ, այսօր՝  հուլիսի 22-ին, ականի պայթյունի հետեւանքով  գլխուղեղի սալջարդ եւ արյունազեղում ստացած Արմավիրի քաղաքապետի վիրահատությունը Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում բարեհաջող ավարտվել է, այժմ նա գտնվում է կայուն ծանր վիճակում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ վերակենդենացման բաժնի վարիչ Արմեն Մուրադյանը:

«Վիրահատվել է Ռուբեն Խլղաթյանի ձեռքի ճկույթը, հեռացվել է ճկույթի ֆալանգի մի մասը, մյուս մասն էլ վերականգնվել է: Ձեռքի իրավիճակը բարելավվել է, բայց դեռ պահպանվում է գանգուղեղային վնասվածքը, որովհետեւ մենք ունենք ուղեղի վնասվածքով պայմանավորված արյունազեղում»,- ասաց նա:

Արմեն Մուրադյանի խոսքով՝ Արմավիրի քաղաքապետը գտնվում է ամբողջովին գիտակից վիճակում, ճանաչում եւ խոսում է հարազատների հետ:

Հարցին՝ Ռուբեն Խլղաթյանի կյանքին վտանգ սպառնում է, թե ոչ, վերակենդանացման բաժնի վարիչն ասաց. «Միանշանակ չեմ կարող ասել՝ կյանքին վտանգ սպառնում է, թե ոչ, որովհետեւ ուղեղի արյունազեղումն ինքն արդեն վնաս է մարդու կյանքին, բայց հուսանք, որ չի բարդանա, եւ մենք դուրս կգանք այս իրավիճակից»:

Անդրադառնալով Արմավիրի քաղաքապետի  ընկերոջ՝ Գառնիկ Ալեքսանյանի վիճակին՝ Արմեն Մուրադյանն ասաց, որ այժմ վիրահատում են նրա սրունքը, նա ունի նաեւ ողնաշարի վնասվածք:

Արմեն Մուրադյանն ասաց, որ Արթուր Բաղդասարյանը եւս ունի բավական լուրջ վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, կողերի, կրծոսկրի, անրակի կոտրվածք, թոքերի վնասվածք:

«Բացի այդ ունի, հին խնդիր, սիրտը ստենտավորված է, եւ այս պարագայում հետագայում նրա մոտ կարող են առաջանալ խնդիրներ»,-ասաց վերակենդանացման բաժնի վարիչը՝ նշելով որ Գառնիկ Ալեքսանյանի եւ Արթուր Բաղդասարյանի վիճակը շարունակում է մնալ ծանր:

Հիշեցնենք, որ դեպքը ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության տեղի է ունեցել հուլիսի 22-ին առավոտյան ժամը 06.30-ին սահմաններում ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղում. «Տոյոտա պրադո» մակնիշի 71OM100 պետհամարանիշի ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում, ինչից վարորդը տեղում զոհվել է, իսկ ուղևորներ Ռուբեն Խլղաթյանը, Գառնիկ Ալեքսանյանը եւ Արթուր Բաղդասարյանը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, այնուհետեւ ուղղաթիռով տեղափոխվել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: