Ուկրաինայի Գերագույն ռադայի Կոմունիստական կուսակցության խմբակցության առաջնորդ Պյոտր Սիմոնենկոն խորհրդարանի առավոտվա նիստում պատգամավորների հարձակմանն է ենթարկվել:

Սիմոնենկոյին դահլիճից հեռացնելու առաջարկ հնչելուց հետո «Ազատություն» կուսակցության պատգամավորները սկսել են հրելով դուրս բերել կոմունիստների առաջնորդին՝ այն խոսքերի համար, թե ուկրաինացի ուժայինները քաղաքացիներին սպանում են օրգանները փոխպատվաստման նպատակով օգտագործելու համար:

Սիմոնենկոյին վերագրվող այդ խոսքերն ամբիոնից մեջբերել է «Ազատություն» կուսակցության պատգամավորներից մեկը:

Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը սկզբում 15 րոպեով ընդմիջում է հայտարարել, հետո խմբակցությունների առաջնորդներին խնդրել հանգստացնել պատգամավորներին:

Հիշեցնենք, մեկ օր առաջ էլ Ազատություն» կուսակցության պատգամավորները ցանկացել էին ծեծել «Ռեգիոնների կուսակցության» պատգամավոր Նիկոլայ Լեւչենկոյին, ով հայտարարել էր,  թե Պյոտր Պորոշենկոյի խաղաղ ծրագիրը  ձախողվել է: Նա նաեւ ասել էր, որ իշխանություններն ու բանակը կոտորում են մարդկանց:

Հավելենք,  հուլիսի 23-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս ցրել Կոմունիստական կուսակցության խմբակցությունը: