ԱԻՆ փրկարարները, որոնք 2013թ. հոկտեմբերի 20-ին Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի ժամանակ մասնակցել են փրկարարական աշխատանքներին,  դեպքի օրը երբ վթարված մեքենաները տեղափոխել են տուգանային հրապարակ, լվացել են փողոցը, ինչի հետեւանքով գետնին թափված պլաստմասե եւ ապակե բեկորները տեղաշարժվել են: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի գործով դատական նիստին հարցաքննության ժամանակ դատարանին հայտնեց գործով վկա՝ ԱԻՆ փրկարար Վռամ Վարդանյանը:

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հարցին, թե երբ ջրով մաքրել են փողոցը, որտեղ են հայտնվել գետնին թափված ապակիները եւ ապակու բեկորները, փրկարար Վռամ Վարդանյանը պատասխանեց՝«Ճանապարհից դուրս՝ ոչ բանուկ մաս»:

Դերասանի փաստաբանի կարծիքով՝ այս վկայությունը բավական է, որպեսզի Վարդան Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվի.

«Վարդան Պետրոսյանին  մեղադրում են այն բանում, որ նա փողոցի բանուկ մասից դեպի կողնակ է դուրս եկել, դրա հիմքում դրվել է քննիչի հաջորդ օրը՝ դեպքի վայրում կատարած վայրի զննության արձանագրությունը, համաձայն որի, ինքը կողնակում հայտնաբերել է պլաստմասե եւ ապակու բեկորներ: Մինչդեռ վկան ցուցմունք տվեց, որ երթեւկելի մասը լվանալու պատճառով են դրանք տեղափոխվել դեպի կողնակ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։