«Երեւան մոլի» հարեւանությամբ գտնվող  Լազոյի փողոցում այսօր՝ հուլիսի 29-ին, 14:00-ի սահմաններում բռնկված խոշոր հրդեհը վնասել է մի քանի սեփական տների տանիքներ, իսկ կրակը հանգցրած ջուրը՝ փչացրել այդ եւ հարակից տների ներքին հարդարումը եւ կահույքը:

«Շլանգը, որ պահեցին կռիշներին, էդ ջրերն են թափվում, կահույքը լրիվ փչացավ: Էդ ժեշտերը քանդել են, էգուց կարող ա սենյակը նստի»,- NEWS.am-ի հետ զրույցում մտահոգված պատմում էին Լազոյի նրբանցք 22/1 տան բնակիչները, որոնք կահույքի վրա պոլիեթիլեն էին անցկացրել եւ տարաներ դրել, որպեսզի առաստաղից հոսող ջուրը չփչացնի տան ներքին հարդարումը եւ տեխնիկան։

Բնակիչներից Անահիտ Կարապետյանը  պատմեց, որ տեսել է՝ ինչպես է հրդեհը բռնկվել, բայց  քանի որ փողոցի տան տանիքներն իրար կպած են, չի հասկացել, թե որտեղից, որ կտուրից է հրդեհն սկսվել:

«Ես բուրդ էի լվանում բակում, տեսա՝  բոց ա, կրակ ա: Չենք պատկերացնում, թե ում տանիքից է հրդեհը բռնկվել՝ իմ, էն մյուսի, թե էն մյուսի: Լսում  էինք ճտճտոց, մենք մեր շլանգներով փորձեցինք կրակը հանգցնել, մինչեւ եկան փրկարարները: Սրանք հին սեփական տներ են՝ 30 թվի կռիշներ են՝ փայտ ու ժեշտ»:

Խոշոր հրդեհը հանգցնելու համար դեպքի վայր էին ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատներ՝6  մարտական հաշվարկ: Կրակի մարման աշխատանքներին օգնում էին նաեւ բակի բնակիչները: Օգնության էին հասել նաեւ «Շտապօգնության» աշխատակիցները, որոնք բուժօգնություն էին ցույց տալիս հրդեհված տների բնակիչներին, փրկարարներին։

Փրկարարները տներից տարհանել են բոլոր բնակիչներին, տուժողներ չկան:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, այսօր՝ հուլիսի 29-ին, 14:00-ի սահմաններում Երեւանի Լազոյի նրբանցքի 18 եւ 20 տներում հրդեհ էր բռնվել: Փրկարարները քանդում էին կտուրի ծածկը, որպեսզի հանգցնեն կրակը: Քանի որ տները միմյանց շատ մոտ են գտնվում մտավախություն կար, որ կրակը կարող է նաեւ հասնել հարակից սեփական տներին: