Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիսպյանը Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատական նիստին կեղծ ցուցմունք է տվել, քանի որ նրա վրա ճնշում են գործադրել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ  համայնքների ընդհանուր իրավասության դատարանում  դատական նիստի ավարտին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ամբաստանյալ Ալեք Պողոսյանը:

«Դա պարզ երեւում էր իրա դեմքից, դեմքի արտահայտությունից: Նրա դեմ քրեական գործ հարուցելով՝ նրա վրա ճնշում են գործադրում, որպեսզի այստեղ ասյպիսի ձեւով իրան պահի, նման ցուցմունք տա»,- ասաց Ալեք Պողոսյանը:

Նշենք, որ այսօր դատարանում հարցաքննության ժամանակ Վալերի Օսիպյանը դատարանին հայտնեց, որ նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոստիկանության օպերատիվ ոստիկաններին քաղաքացիական հագուստով գալու հրահանգ ինքն է տվել, եւ որ ինքը տուժել է, երբ պայթուցիկներից աչքերը ցավացել են եւ մրմռացել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վալերի Օսիպյանի դեմ ՀՔԾ-ում քրեական գործ էր հարուցվել մամուլի հրապարակումների հիման վրա: Հիշեցնենք, որ հունիսի 1-ի գիշերը Վալերի Օսիպյանի եղբորորդին՝  22-ամյա Սեդրակ Օսիպյանը, դանակահարել էր 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին: Մամուլում հրապարակումներ էին հայտնվել այն մասին, որ Երեւանի փոխոստիկանապետը հանդիպել էր միջադեպի մասնակիցներից մեկի մոր՝ Սուսաննա Հովհաննիսյանի հետ եւ փորձել համաձայնության գալ եւ իր եղբորորդու կատարած դանակահարությունը բարդել նրա որդու վրա: Սեդրակ Օսիպյանըհետախուզման մեջ է։