Ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով Մարտակերտի պաշտպանական դիրքերում օգոստոսի 1-ի լույս օգոստոսի 2-ի գիշերը վիրավորում ստացած, մեկ օր անց ՀՀ ՊՆ Կենտրոնական հոսպիտալում մահացած 20-ամյա Սարգիս Մովսիսյանի հիշատակին այսօր՝ օգոստոսի 4-ին, մոմավառություն է տեղի ունեցել նրա հայրենի Մայիսյան գյուղում։  Արմավիր մարզի Մայիսյան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները, Սարգիսի համադասարնցիները, ուսուցիչները, ընկերները գյուղի առաջին աշխարհամարտի զոհերին նվիրված հուշարձանից մոմերով շարժվել են Սարգիս Մովսիսյանի հայրական տուն։

Հարեւաններն ու հարազատները դեռ չեն հավատում, որ Սարգիսը զոհվել է։

«Այնքան կենսախինդ, ուրախ տղա էր, միշտ ժպիտը դեմքին, իրենց տանն էլ միշտ ուրախությունն էր, առիթ էին ման գալիս, որ քեֆ անեն։ Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ փոքր, չենք հավատում, որ Սարգիսը չկա»,- արցունքն աչքերին պատմեց Սարգիսի հարեւանուհին՝ Լիդա Մելքոնյանը։

Հարեւանուհին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ դեպքից երկու օր առաջ Սարգիսի տնկած ու մշակած դեղձենու ճյուղերը կոտրվել են։

«Շատ էր սիրում գյուղի գործերը, այգին էր մշակում, իր մշակած դեղձենու ճյուղերն էլ երկու օր առաջ կոտրվեցին։ Միշտ ասում էր՝ ես պիտի մնամ իմ հայրենիքում, իմ պապի տունը շենացնեմ, մամայենք մնում են Ռոսաստան, թող մնան, ես այստեղ եմ մնալու»,-ասաց տիկին Լիդան՝ նշելով, որ Սարգիսի ծնողները գյուղում աշխատանք չունենալու պատճառով արդեն մեկ տարի Ռուսաստանում էին բնակվում։

Նշենք, որ երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Սարգիս Մովսիսյանը պարգեւատրվել է «Արիության համար մեդալով», որը Սարգիսի ծնողներին հանձնեց ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը։

Սարգիս Մովսիսյանի հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին։ Նրա մարմինը հողին կհանձնեն զինվորական կարգով հայրենի գյուղում։