«Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի» երթի մասնակիցներն այսօր` օգոստոսի 7-ին, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ ՌԴ իշխանություններին կոչ արեցին ազատ արձակել ռուսաստանաբնակ հայ բարերար Լեւոն Հայրապետյանին եւ չվտանգել հայ-ռուսական դարավոր բարեկամությունը: Երթի մասնակիցները դեսպան Իվան Վոլինկինին ուղղված նամակ հանձնեցին եւ շարունակեցին երթը դեպի արտաքին գործերի նախարարություն: (ֆոտոռեպորտաժ)
«Պահանջում ենք վերանայել Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունը, քանի որ ինքն ունի հիվանդություններ, որոնց դեպքում իրավունք չունեն նրան ձերբակալել, պահել փակ տարածքում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի» շտաբի անդամ Դավիթ Երանյանը` նշելով, որ բողոքի ցույցեր են նախատեսվում նաեւ Մոսկվայում, Փարիզում եւ այլ քաղաքներում:
«Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի» շտաբի անդամ Թագուհի Ասլանյանի խոսքով` ՌԴ դեսպանը պարտավոր է նամակը հանձնել իրիշխանություններին:
«Մեր պահանջներն այն են, որ խախտվել են Եվրոպայի Մարդու հիմնարար իրավունքների կոնվենցիայի մարդու կյանքի վերաբերյալ դրույթը, եւ խախտվել է ՌԴ կառավարության 2011թ. որոշումը, ըստ որի կան հիվանդություններ, որոնց դեպքում անձին կալանքի տակ չեն պահում, եւ այդ ցանկի մեջ ներառված հիվանդություների մեծ մասը Լեւոն Հայրապետյանն ունի, եւ նրանք ուղղակի խախտում են իրենց սեփական երկրի օրենքը»,-ասաց Թագուհի Ասլանյանը:
Երթի մասնակիցները դեսպանատան մոտից շարունակեցին երթը դեպի Արտգործնախարարություն, որտեղ Էդվարդ Նալբանդյանին ուղղված նամակ հանձնեցին` պահանջելով նախարարից համապատասխան քայլեր ձեռնարկել եւ պաշտպանել իր երկրի քաղաքացուն:
Նշենք, որ օգոստոսի 13-ին տեղի կունենա Լեւոն Հայրապետյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ փաստաբանների միջնորդության քննությունը. Փաստաբաններն առաջարկում են գրավի դիմաց ազատ արձակել հայ բարերարին, կամ տնային կալանք սահմանել:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության հետաքննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով:











