Մի քանի հարյուր եզդիներ այսօր՝ օգոստոսի 14-ին, հավաքվել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ նամակ հանձնեցին՝ պահանջելով զենք-զինամթերք տրամադրել Հյուսիսային Իրաքի Շանգալ նահանգի եզդիներին ինքնապաշտպանության նպատակով:
«Մտնելու ենք ՄԱԿ-ի գրասենյակ, մեր պահանջներն ենք ներկայացրելու, որ դադարեցվի եզդինեռրի ցեղասպանությունը, զենք-զինամթերքը անմիջապես չտրվի քրդական իշխանություններին, այլ բաժանվի եզդիներին, որովհետեւ մենք այսօր Իրաքի Շանգալ նահանգում ունենք 3000-ից ավելի մարտական ջոկատներ՝ Շեյխ Շամոյի, Շեյխ Շաշոյի եւ Քիր Ավդոյի գլխավորությամբ»,- գրասենյակի մոտ հայտարարեց Ամո Շարոյանը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ ՄԱԿ-ի գրասենյակից դուրս եկավ ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը, որն ասաց, որ կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում է կայացվել 20 մլն դրամ հումանիտար օգնություն տրամադրել Իրաքում ապրող եզդիներին:
Եզդիներից մեկի հարցին, թե արդյոք ամոթ չէ ընդամենը 20 մլն դրամ օգնությունը, ՄԱԿ-ի ներկայացուցիչը նշեց, որ հարցը ոչ թե գումարի չափի մեջ է, այլ այն տեղ հասցնելու:
Գրասենյակի ներկայացուցչի հետ զրույցում եզդիները նշեցին նաեւ, որ Իրաքում կատարվող դեպքերը հատուկ ծրագրված են իսլամիստական ահաբեկչական խմբավորումների կողմից եւ նպատակ է հետապնդում ոչնչացնել եզդիներին:
«Ինչպես թուրքերն էին ասում, որ մի հայ են թողնելու, այն էլ թանգարանում, այնպես էլ հիմա մեր հայրենիքում՝ Շանգալում, իսլամիստներն են ոչնչացնում մեր հայրենակիցներին»,- ասաց նրանցից մեկը՝ նշելով, որ այդ տարածքում պետք է խաղաղապահ զորքեր տեղակայել:
Այս պահին եզդիները հավաքվել են կառավարության շենքի մոտ եւ պահանջում են, որ վարչապետն իջնի եւ հանդիպի իրենց հետ:
Նշենք, որ տարբեր տեղեկությունների համաձայն՝ Հյուսիսային Իրաքի Շանգալ նահանգում մինչեւ հիմա սպանվել է ավելի քան 5 հազար մարդ, 3000-ն էլ տեղահանվել է:











