Կառավարության շենքի մոտ հավաքված, ապա Տիգրան Մեծ պողոտան փակած եզդիներին քիչ առաջ ոստիկաններն ուժ կիրառելով դուրս բերեցին ճանապարհի երթեւեկելի գոտուց: (ֆոտոռեպորտաժ)
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանները պատռել են ցուցարարների հագուստները, հանել կոշիկները: Բարեբախտաբար, ցուցարարները մարմնական վնասվածքներ չունեն:
Ցուցարարները շարունակում են կառավարության մոտ աղաղակել «վարչապետ, ամոթ»:
«Երկու րոպեն ինչ ա, որ դուրս չեկան՝ մեզ հետ հանդիպելու, որ կանչեինք գառ ուտելու, կգային»,- բացականչում են եզդիները:
Այս պահին նրանց միացան նաեւ Հայաստանում եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որն այժմ բանակցում է Ամո Շառոյանի հետ՝ խնդրելով հարգել Հայաստանի Հանրապետության օրենքներն ու չխախտել հասարակական կարգը, այլապես իրենք ստիպված կլինեն դիմել կոշտ միջոցների:
Ոստիկանները 3 շարք կազմած փակել են կառավարության մուտքը ու թույլ չեն տալիս եզդիներին մոտենալ շենքին:
Նշենք, որ տարբեր տեղեկությունների համաձայն՝ Հյուսիսային Իրաքի Շանգալ նահանգում մինչեւ հիմա սպանվել է ավելի քան 5 հազար մարդ, հազարավոր մարդիկ էլ տեղահանվել է:











