Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Բաղդադ է ժամանել՝ Իրաքի իշխանությունների հետ բանակցություններ վարելու նպատակով: Այցի ընթացքում նա կհանդիպի վերջերս Իրաքի վարչապետ նշանակված Հեյդար ալ-Աբադի, ինչպես նաեւ նախկին վարչապետ Նուրի ալ-Մալիքիի հետ:

Ջավադ Զարիֆի խոսքով՝ Իրաքում ճգնաժամի կարգավորումն Իրանի համար հիմնական արտաքին քաղաքական խնդիր է դարձել: Նա նաեւ կոչ է արել համաշխարհային հանրությանը՝ օգնել «Իսլամական պետության» դեմ պայքարում:

«Euronews»-ի փոխանցմամբ, նման կոչով հանդես են գալիս նաեւ քրդական ռազմական փեշմերգա խմբավորումները, որոնք խնդրում են իրենց ժամանակակից սպառազինություններով զինել. «Մենք նոր զենքի կարիք ունենք, որպեսզի հավասար պայմաններում պայքարենք: Մենք այնպիսի զենքի կարիք ունենք, ինչպիսին  «Իսլամական պետության»-ն է: Այդ ժամանակ կկարողանանք արժանի պատասխան տալ ու հեռացնել նրան մեր հողից»:

Մինչ այդ, բրիտանական հատուկ ծառայությունները կարողացել են պարզել ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին սպանած գրոհայինի անձը: Հաղորդվում է, որ խոսքը նախկինում Լոնդոնում բնակվող 23-ամյա ռեփ կատարողի մասին է: