Գազայի հատվածում մեկնարկել է քարերով «ջրցողման» ակցիան, որը ստացել է Rubble Bucket Challenge անվանումը: Այդ մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Independentին:
Նոր ֆլեշմոբի մասնակիցները, ի տարբերություն ALS Ice Bucket Challenge-ի ակտիվիստների, իրենց վրա սառույցով ջուր չեն լցնում, այլ՝ ավազ ու քարեր: Նման կերպ նրանք իրենց համերաշխությունն են արտահայտում Գազաի հատվածի բնակիչներին, որոնց տները ոչնչացվել են Իսրայելի կողմից հասցված ավիահարվածների հետեւանքով:
Ենթադրվում է, որ ակցիան սկսել է հորդանանյան երգիծաբան Մուհամեդ Դարվազան, եւ շարունակել լրագրող Հայման ալ-Ալուլը, վերջինս էլ քարերի «ջրցողման» տեսահոլովակը տեղադրել է YouTube-ում:
Ֆլեշմոբը գրավել է ոչ միայն Մերձավոր Արեւելքի, այլ նաեւ աշխարհի այլ տարածաշրջանների օգտատերերի ուշադրությունը: Մասնավորապես, ակցիային միացել են նաեւ Կանադայի եւ Մալայզիայի բնակիչները:
Եւս մեկ նմանատիպ ֆլեշմոբ է Rice Bucket Challenge-ը: Վերջինիս մասնակիցներին խնդրում են մեկ դույլ բրինձ զոհաբերել կարիքավորներին:











