Ֆրանսիայի «Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության նվիրած փրկարարական մեքենաները Հայաստանի ԱԻՆ-ը կուղարկի լեռնային շրջաններ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, ԱԻՆ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատում մեքենաների ցուցադրությանը լրագրողներին ասաց ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
«Մենք մեքենաները կուղարկենք լեռնային մարզեր, արդեն քննարկում ենք, թե կոնկրետ որ շրջաններ կուղարկենք: Կարծում եմ՝ սահմանամերձ, որտեղ անտառային հրդեհները շատ են»,- ասաց Արմեն Երիցյանը՝ նշելով, որ մեքենաները ամենագնաց են, եւ ձմռանը նույնպես հնարավոր կլինի դրանք օգտագործել:
Նախարարի խոսքով՝ մարզերում փրկարարական 300 մեքենա կա, որոնք, սակայն, հին են, եւ դրանք նորերով փոխարինելու անհրաժեշտություն կա:
«Երեւանը համալրել ենք, բայց դա չի նշանակում, մարզերը պետք է մոռանանք: Այնտեղ տեխնիկական հագեցվածության խնդիր կա, փորձելու ենք բոլոր մարզերը համալրել նոր մեքենաներով»,-ասաց Արմեն Երիցյանը:
Նվիրաբերված 4 հրշեջ, 1 փրկարարական, 1 շտապօգնության, 1 կապի կառավարման մեքենայի եւ հրշեջ-փրկարարական հանդերձանքի ցուցադրությանը ներկա էին նաեւ «Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության նախագահ Բեռնար Ժանենը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հատուկ ներկայացուցիչ Իզաբել Գինելը:
Բեռնար Ժանենի խոսքով՝ սա համագործակցության առաջին դեպքը չէ, իրենց կազմակերպությունը Հայաստանին աջակցում է 1990-ականների սկզբից։
«Այս համագործակցության արդյունքը մեկ օրվա աշխատանք չէ: Մենք երկրաշարժից անմիջապես հետո սկսել ենք մեր համագործակցությունը Հայաստանի ԱԻՆ-ի հետ, դեռ մեծ ծրագրեր ունենք»,-ասաց նա՝ նշելով, որ իրենց հաջորդ ծրագիրը մարզերում հրշեջ-փրկարարների կամավորական կենտրոններ ստեղծելն է:
Ֆրանսիայից Հայաստան փրկարարական մեքենաների տեղափոխման ծախսը հոգացել է «Փյունիկ» հիմնադրամը, որի պատվո նախագահ Գաբրիել Ջամբարջին նույնպես ներկա էր ցուցադրությանը:
ԱԻՆ նախարարը շնորհակալագիր հանձնեց Գաբրիել Ջամբարջիին, ինչպես նաեւ Բեռնար Ժանենենին: Նախարարը եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հատուկ ներկայացուցիչ Իզաբել Գինելը նվերներ փոխանակեցին:











