ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր՝ սեպտեմբերի 3-ին, նախագահական նստավայրի դիմաց իր մի խումբ համակիրների հետ հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով, որպեսզի նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տա եւ իշխանությունը փոխանցի եվրոպամետ ուժերին։
«Անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել եւ պուտինյան Ռուսաստանի խամաճիկի կարգավիճակում հայտնված Հայաստանը զերծ պահել միջազգային մեկուսացման եւ պատժամիջոցների թիրախ դառնալու կործանարար վտանգից։ Պետք է հրաժարական տաք եւ անմիջապես ազդարարեք վերջին տարիներին որդեգրված ԵՄ ասոցացման պայմանագրին հավատարիմ մնալու Հայաստանի դիրքորոշման մասին»,- հայտարարեց ԱԻՄ առաջնորդը։
Եթե իր հրապարակային ուղերձն անարձագանք մնա, հինգ օրից Հայրիկյանը նույն պահանջով հացադուլ կսկսի։
NEWS.am-ի հարցին, թե արդյոք նա հացադուլն անցկացնելու է նախագահի նստավայրի առջեւ, Պարույր Հայրիկյանը պատասխանեց, որ ինքը հացադուլը նկարահանվելու համար չի անելու. «Հնարավոր է՝ հացադուլ անեմ վանքերից մեկում, ասենք՝ Դադիվանքում։ Բժիշկներին թույլ կտամ ժամանակ առ ժամանակ զննել ինձ՝ հավաստիանալու համար, որ հաց չեմ ուտում»։
Հայտարարության տեքստը ԱԻՄ-ականները հանձնեցին նախագահականի նամակների բաժին։
Այսօր ավելի վաղ Մաքսային միության դեմ մի քանի տասնյակ քաղաքացիների անցկացրած բողոքի երթի մասնակիցներին, որոնք ԱԻՄ-ին միանալու փոխարեն նախընտրել էին առանձին երթ իրականացնել դեպի նախագահի նստավայր Պարույր Հայրիկյանն անվանեց «դեղնակտուցներ», որոնց հայտարարությունն ավելի շուտ ֆեյսբուքյան ստատուս էր հիշեցնում։
Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 3-ին, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը։











