Ընդդեմ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության քաղաքացիական նախաձեռնության մասնակիցներն այսօր՝  սեպտեմբերի 3-ին, նախագահի նստավայր են գնացել «նշելու Սերժ Սարգսյանի ծննդյան օրը»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, որը նույնպես երթի մասնակիցների թվում էր։

 «Այսօր Սերժ Սարգսյանի առաջին տարեդարձն է: Մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը նոր ծնունդ ունեցավ, մինչեւ այդ ինքը պարզապես իշխանության զավթիչ էր, իսկ անցյալ տարվա սեպտեմբերի 3-ից ինքը դարձավ Հայաստանի ինքնիշխանությունը ուղղակի աջ ու ձախ նվեր տվող մի անձնավորություն»,- ասաց նա։

Լեւոն Բարսեղյանի խոսքով՝ մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը սուտ է խոսել:

 «Աստանայում մայիսի 29-ին ելնում, հայտարարում է՝ Հայաստանի հասարակությունը եւ գործարար աշխարհը իր համար նախանշել է Եվրասիական տնտեսական միությանը միանալու ինչ-ինչ ժամկետներ: Նման ժամկետներ չկան, եւ հասարակության մի շարք խմբեր բողոքել են նման անհեթեթ որոշման եւ Հայաստանի ինքնիշխանության զիջման դեմ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ, իր կարծիքով, Մաքսային միությունը Ռուսական կայսրության վերականգնման սցենարներից մեկն է:

Լեւոն Բարսեղյանը մտահոգություն հայտնեց, որ Հայաստանի ղեկավարությունը իրականում ժողովրդի կողմից չէ, այլ՝ Ռուսաստանի կամակատար: «Մեր դարդն այն է, որ մեր իշխանությունը մեզանից չէ: Եվ սա է ամբողջ խնդիրը: Խոսքը կոնկրետ Սերժ Սարգսյանի եւ իր կլանի մասին է, որը կոնկրետ կամակատար է: Պուտինը ասեր՝ կգնաս, կհայտարարես, որ Հայաստանը ցանկություն է արտահայտել միանալու Կամչատկային, կհելներ, Կրեմլում դա կհայտարարեր»,- վրդովված ասաց լրագրողը։

Լեւոն Բարսեղյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի 2013թ. սեպտեմբերի 3-ի այն հայտարարությունը, որ Հայաստանի հասարակությունը եւ գործարար ոլորտը ցանկություն են հայտնել անդամակցել Մաքսային միությանը, նույնպես սուտ է: «Հայաստանը ոչ մինչեւ այդ, ոչ էլ մինչեւ հիմա որեւէ նման ցանկություն իշխանության որեւէ օղակի մակարդակով չի հայտնել: Նա չի ասում՝ ես եմ ուզում միանամ, այլ մեղքը գցում է Հայաստանի Հանրապետության, այսինքն՝ շատ ընդհանրական մի մարմնի վրա՝ կոնկրետ պատասխան չունենալով, թե՝ այ ընկեր, ինչի՞ հիման վրա ես ասում, որ Հայաստանը նման ցանկություն է հայտնել, չունե՞ս նման հիմքեր, ուրեմն խաբել ես մարդկանց»,- ասաց ՀԿ նախագահը: