Քենիական Մաասաի Մարա ազգային պարկում մանգուստն իսկական արիություն է ցուցաբերել՝ պայքարի մեջ մտնելով իր տարածք ներխուժած չորս առյուծների հետ: Հասկանալով, որ կարող է մեծ կատուների համար կերակուր դառնալ, կենդանին, ամեն դեպքում, նրանց սպառնացել է ատամներով եւ նետվել չափսերով իրեն մի քանի անգամ գերազանցող գիշատիչների վրա:
Փոքրիկ հերոսը մի քանի անգամ «հարձակում է ձեռնարկել»՝ ժամանակ առ ժամանակ թաքնվելով իր բնում: Մանգուստին հաջողվել է նույնիսկ կծել ջունգլիների արքաներից մեկի քիթը:
Տեսանյութը նկարահանվել է 2011 թվականին, սակայն հեղինակը՝ Ժերոմ Գիլլամոն, այն Youtube-ում նոր է տեղադրել: Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, հոլովակն արդեն 400 հազար դիտում է ունեցել:











