Չեչնիայի հանրապետության նախագահ Ռամզան Քադիրովը խոստացել է դաժան պատասխան տալ Կովկասում պատերազմ սպառնացող «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներին:
«Ես ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ում մտքով անցել է Ռուսաստանի հասցեին սպառնալիք արտահայտել եւ արտաբերել մեր երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի անունը, կոչնչացվի հենց այնտեղ, որտեղ այդ հայտարարությունն արվել է: Մենք չենք սպասի, մինչեւ նա կնստի ինքնաթիռ եւ ուղեւորվի այնտեղ, որտեղ փտում են նրանց եղբայր-ահաբեկիչները՝ Հաթաբը, Աբու Վալիդը եւ Արեւմուտքի այլ դեսպանորդները», Քադիրովը գրել է իր ինստագրամում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Քադիրովի կարծիքով, ԻՊ-ի զինյալները իսլամի հետ ոչ մի առնչություն չունեն:
«Իրենց «Իսլամական պետություն» կոչող Սիրիայի ահաբեկիչները Չեչնիայում եւ Կովկասում պատերազմ սկսելու մանկական սպառնալիք են արտահայտել: Նրանք խոսում են միայն այն, ինչ հանձնարարված է Արեւմուտքի հատուկ ծառայությունների կողմից: Նրանք ամբողջ աշխարհի մահմեդականների բացահայտ թշնամիներն են: Միամիտ մարդիկ որոշել են երկու ինքնաթիռով սպառնալ Չեչնիային եւ ողջ Ռուսաստանին: Նրանք կարող են 2 հազար ինքնանթիռ նստել, սակայն Ռուսաստան չեն հասնի: ԱՄՆ-ի կողմից վերահսկվող բոլոր երկրները Ռուսաստանի նկատմամբ պատժանիջոցներ են սահմանել ու ոչնչի չեն հասել: Իսկ այստեղ, ինչ-որ անլվա քրեական հանցագործ որոշել է առանձնանալ», - գրել է Քադիրովը:
Քադիրովի խոսքով՝ «Ռուսաստանն ունի արժանի զավակներ, ովքեր պատրաստ են կատարել ցանկացած հրաման եւ ոլորել ցանկացած ոսոխի վիզը իր իսկ որջում»:
Ինչպես հաղորդվել է, նախօրեին համացանցում տեսագրություն էր հայտնվել, որտեղ «Իսլամական պետության» ներկայացուցիչները հայտնում են «Ալլահի կամքով Չեչնիան ու Կովկասը ազատագրելու» իրենց ծրագրերի մասին: Տեսագրությունը ուղեկցվում է ռուսերեն թարգմանությամբ











