Իտալիայի Ապուլիա շրջանի ոստիկանությունը ձերբակալել է պիցցերիան կողոպտելու անհաջող փորձ կատարած երկու տղամարդու: Չարագործները կրակել են աշխատակիցների վրա, սակայն տուժածները կարողացել են արժանի հակահարված տալ` օգտագործելով սպասքը:
Միջադեպը տեղի է ունեցել Ռուվո դի Պուլյա քաղաքում: Հարձակումը գրանցել է հսկող տեսախցիկը, փոխանցում է «Ռոսբալտը»` վկայակոչելով Il Quotidiano Di Puglia-ն:
Ցանցում հրապարակված տեսահոլովակում երկու գողեր կանգնած են վաճառասեղանի առաջ, իսկ նրանցից մեկն ատրճանակն ուղղել է պիցցա վաճառողի վրա: Տղամարդը սկսել է դիմադրել, եւ այդ ժամանակ զինված չարագործը կրակել է:
Պիցցերիայի աշխատակիցները փորձել են սպասքով պաշտպանվել գողերից: Չդիմանալով սաստիկ հակահարվածին` գողերը փախել են: Նրանք տարել են ընդամենը 50 եվրո:
Որոշ ժամանակ անց կասկածյալներին բռնել են կարաբինավորները: Նրանք Տերլիցիի երկու բնակիչներ են եղել` 36-ամյա Ֆրանչեսկո Չիպրիանին եւ 37-ամյա Վիտորիո Դե Լիան:
Խուզարկության ժամանակ նրանցից բռնագրավել են 6.35 տրամաչափի կիսաավտոմատ ատրճանակ: Հաղորդվում է, որ Չիպրիանիի արձակած կրակոցներից ոչ մեկը նպատակին չի ծառայել, պիցցերիայի աշխատակիցները չեն տուժել:











