ԵՏՄ-ին անդամակցելը ոչ միայն տնտեսական, քաղաքական, այլեւ անվտանգության խնդիրներ կառաջացնի Հայաստանի եւ Արցախի համար։ Այս մասին նոյեմբերի 9-ին կապանցիների հետ հանդիպմանը ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ շեշտելով, որ կարեւոր է գիտակցել, թե որտեղ է ազգային շահը և զերծ մնալ գերտերությունների խարդավանքներից:

«Արցախի և Հայաստանի Հանրապետության սահմանին, ըստ ԵՏՄ պայմանագրի, պետք է գործի մաքսակետ, ինչի պարագայում այդտեղ կարող է տեղակայվել և գործել օտար մաքսավոր, որը կարող է լինել օրինակ Ղազախստանի ներկայացուցիչ և դրանով ոչ միայն տնտեսական խնդիրներ են ստեղծվում մեզ համար, այլև անվտանգության խնդիրներ»,- ասել է նա:

Քաղաքացիների մտահոգությանը, որ իրենց բոլորի հարազատները գումար են վաստակում Ռուսաստանի Դաշնությունում, Փոստանջյանը պատասխանեց, որ աշխարհաքաղաքական նոր իրավիճակում Ռուսաստանն այլեւս չի կարողանալու աշխատանքով ապահովել միգրանտներին, այդ թվում՝ հայ աշխատանքային միգրանտներին։

«Այս քաղաքական իրավիճակում Ռուսաստանն ինքն  է խնդիրներ ունենալու։ Արդեն 30 տոկոսով նվազել են մեր հայրենակիցների դրամական փոխանցումները Ռուսաստանից»,- ասաց Փոստանջյանը՝ հակադարձելով հիմնականում տարեց կապանցիների դիտարկումներին, որ հարկավոր է զգուշավորություն ցուցաբերել Ռուսաստանին դեմ արտահայտնվելիս, եւ որ Հայաստանը կարող է Ուկրաինայի ճակատագրին արժանանալ:

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը պարտավոր էր հաշվի առնել հանրության կարծիքը՝ ԵՏՄ-ին անդամակցելու միանձնյա որոշում կայացնելուց առաջ։

«Մշտապես Հայաստանը եղել է օտար տերությունների լծի տակ, այդ թվում՝ Ռուսաստանի։ Բավ է՝ մենք սպասարկենք օտար տերության շահը, եկեք սպասարկենք մեր շահը։ Իսկ ի՞նչ են ուզում այդ գերտերությունները` ունենալ իրենց ներկայացուցիչը այստեղ, իրենց դրած մարդը էստեղ և դրածոներից մեկն էլ Սերժ Սարգսյանն է, նրան  ճանաչել և նշանակել են այդ գերտերությունները` Մոսկվան, Բրյուսելը և Վաշինգտոնը, այլ հարց է, որ Սերժ Սարգսյանը, ներեցեք խոսքիս համար, քցել է Արևմուտքին, չի կատարել իր առջև դրված պարտականությունը, և մեկ օրվա մեջ  ինքն իրեն, առանց խորհրդակցելու որոշել է միանալ Եվրասիական տնտեսական միությանը»,- ասաց Փոստանջյանը։