Սահմանադրական դատարանի մոտ այսօր՝ նոյեմբերի 14-ին, Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու դեմ կազմակերպված բողոքի ակցիան ընթանում է բախումներով։ Ոստիկանները քաշքշում եւ վայր են գցում ակտիվիստներին եւ զոհված զինծառայողների հարազատներին. վերջիններս եկել են Սահմանադրական դատարան, որպեսզի պատասխան ստանան իրենց որդիների մահվան համար։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանները, հրել եւ վայր են գցել մահացած զինծառայող Արման Մուրադյանի հորը՝ Հովսեփ Մուրադյանին, փորձելով նրան հեռացնել դատարանի դիմացից։

Երբ ոստիկանները փորձել են բերման ենթարկել  Հովսեփ Մուրադյանին, նա վազել է դեպի Բաղրամյան փողոցի երթեւեկելի մասը եւ կոչ արել փակել ճանապարհը։ Ոստիկանները  բռնի ուժով հեռացրել են նրան ճանապարհի երթեւեկելի գոտուց: Այժմ Հովսեփ Մուրադյանին բժշկական օգնություն են ցույց տալիս։

Ակցիայի մյուս մասնակիցներին դատարանի դիմացից հեռացնելիս, ոստիկանները  վայր են գցել մի աղջկա, որից հետո աղջիկն ուշաթափվել է։ Նրան  օգնություն են ցույց տալիս շտապօգնության աշխատակիցները։

NEWS.am-ի հետ զրույցում մի ակտիվիստ էլ ասել է, որ ոստիկանները հարված էլ են նրա կրծքին։

Ոստիկանները, հարցին, թե ինչո՞ւ են բռնի ուժով Սահմանադրական դատարանի մուտքից հեռացնում քաղաքացիներին, պատասխանեցին. «Օպերատիվ տվյալներ ունենք, որ ակցիայի մասնակիցները ագրեսիվ են տրամադրված»։

ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը, նախախորհրդարանի մի քանի անդամների, «Քաղաքացիական պայմանագրի» խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանի, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ պաստառներով կանգնած են դատարանի դիմացի մայթին։

Սահմանադրական դատարանի մոտ են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները։

Հիշեցնենք, որ այսօր ՍԴ-ում քննվելու է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի սահմանադրականության հարցը։