ԵԱՀԿ-ն պետք է պայմանավորվածություն ձեռք բերի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի  հետ, որ նոյեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից խոցված ԼՂՀ ուղղաթիռի անկման վայրում դադարեցվեն ռազմական գործողությունները ու հնարավոր լինի տարածքից դուրս բերել երեք օդաչուներին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, NEWS.am-ի հետ զրուցյում ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը, որն այսօր ժամը 13.45-ից հացադուլ է սկսել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի առջեւ՝ պահանջելով  ԵԱՀԿ-ից կոնկրետ քայլեր իրականացնել եւ վերադարձնել խոցված ուղղաթիռի երեք օդաչուներին:

«Պետք է դուրս գալ հանդիպումների, քնարկումների անպտուղ գործելաոճից եւ կոնկրետ քայլեր իրականացնել, որ տղաներին դուր բերեն այն տեղից: Այս պահին եթե մոտենանք դիակներին, կունենանք նոր դիակներ, միգուցե իրենք տասնապատիկ ավելի ունենան, դա չէ խնդիրը: Ինձ համար ամեն մի վայրկյանը, ամեն մի րոպեն դաժան վերաբերմունք է ծնողների, հարազատների, երեխաների նկատմամբ: Միգուցե եթե շուտ քայլեր ձեռնարկեին, միգուցե տղաներն օգնության կարիք ունեին եւ կարողանային նրանց դուրս բերել: Իսկ կրիայի շարժումները հիշեցնող քայլերի պատճառով մենք հնարավոր է՝ կորցրինք այդ հնարավորությունը»,- ասաց Դավիթ Սանասարյանը:

Հացադուլավորի խոսքով՝  իր բողոքը ուղղված  չէ Հայաստանի իշխանություններին, բայց կարծում է, որ նրանք էլ չեն կատարում իրենց գործառույթները. « Իշխանությունը վաղուց ճիշտ քայլեր չի կատարում: Մեր դիվանագիտությունը թույլ արձագանքողի դերում է: Մեզ պետք չէ արձագանքող արտաքին գործերի նախարարություն, մեզ պետք է գործող, նախաձեռնող ԱԳՆ-ը: Պաշտոնյաները պետք է հանգիստ չնստեն, պետք է մի հայտարարությունով չբավարարվեն, պետք է մի քիչ էլ իրենք սոված մնան, իրենց լանչի ժամերը թողեն, գնան, զբաղվեն այս հարցով: Մենք  պահանջում ենք, որ մեզնից հարկված փողերը ծախսվեն տեղին, գոնե նման հարցերում պիտի զրկեն իրենց, դուրս գան շքեղ մեքենաներից եւ գործեն: Իսկ պաշտպանության նախարարությունը մեր անվտանգությունն ապահովող կառույցն է: Բոլորը պետք է սառը դատեն ու տաք-տաք կոչեր չանեն ՊՆ-ին, գիտակցեն պահի լրջությունը»:

Մեր հարցին, թե արդյոք հացադուլը բողոքն արտահայտելու լավագույն տարբերակն է, Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Չգիտեմ, թե որքանով է արդյունավետ, չեմ ուզում շատ անդրադառնալ բողոքի ձեւին: Ես ինձ համար կարողացել եմ դժվար որոշում կայացնել: Դա ոչ թե ինձ համար է դժվար, այլ իմ հարազատների: Կոչ կանեմ, որ մյուսները նման բան չանեն, քանի որ հացադուլը վտանգավոր, ծայրահեղ բողոքի ակցիա է»:

Դավիթ Սանասարյանը տեղեկացրեց, որ իր հացադուլը  անժամկետ է լինելու.  մնալու է ԵԱՀԿ գրասենյակի առջեւ այնքան ժամանակ, մինչեւ արդյունավետ քայլեր իրականացվեն օդաչուներին  վերադարձնելու համար: