Պրահայում ցույցի մասնակիցները ձվեր եւ լոլիկներ են նետել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի վրա, սակայն դիպել են նրա գերմանացի գործընկեր Յոահիմ Գաուկին, հայտնում է Lenta.ru-ն:

Աղբյուրը նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել համալսարանական  կամպուսի մոտ Զեմանի ճառի ժամանակ, որտեղ 25 տարի առաջ տեղի է ունեցել ուսանողական ցույց, որը սկիզբ էր դրել  «թավշյա հեղափոխությանը»: Երբ Զեմանի ներկայությունից դժգոհները սկսել են  սնունդ նետել նախագահի, ինչպես նաեւ այդ կապակցությամբ Չեխիա ժամանած Գերմանիայի, Հունգարիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի նախագահների վրա, թիկնապահները սեւ անձրեւանոցներ են բացել՝ նրան պաշտպանելու համար: Սակայն մի ձու դիպել է Գաուկի գլխին: 

Ամբոխը աղաղակել է՝ «Ամոթ» եւ «Հրաժարական», ոմանք ձեռքներին  «Մենք չենք ցանկանում լինել Ռուսաստանի գաղութը» կոչով պաստառներ են ունեցել: Ինչ-որ պահի ցուցարարները նախագահին կարմիր քարտ են ցույց տվել:

Աղբյուրը նշում է, որ չեխական մամուլը սկսել է բացահայտ քննադատել Զեմանին, երբ նա դեմ է արտահայտվել հակառուսական պատժամիջոցներին՝ Ուկրաինայի խնդրի կապակցությամբ:
1989 թ. նոյեմբեր-դեկտեմբերին Չեխոսլովակիայում «թավշյա հեղափոխություն» էր տեղի ունեցել, որի արդյունքում կոմունիստները զրկվել էին երկրում իշխող դերից, իսկ նոր առաջնորդ էր դարձել գրող Վացլավ Հավելը: