Զորավարժություններին մասնակցող հայկական ուղղաթիռի խոցումը ադրբեջանական կողմից նախապես պլանավորված է եղել։ Այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Ուղղաթիռի անձնակազմի ուսումնավարժանքի ժամանակ է խոցվել եւ մեր տարածքում, կարծում եմ, որ սա բոլոր տիպի նորմերի խախտում է։ Անկասկած զորավարժությունների ընթացքում նրանք բարձրացնում են իրենց մարտական ապատրաստականությունը եւ կարծում եմ՝ նախօրոք էր ցուցում տրված, որպեսզի խոցեն»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Նախարարի խոսքով՝ ինչպես նոյեմբերի 12-ին զորավարժություններին մասնակցող հայկական ուղղաթիռի խոցումը, այնպես էլ մինչեւ հիմա ադրբեջանական ցանկացած սադրանք շփման գծում լարվածություն ստեղծելու եւ դրանով բանակցային գործընթացում հաջողություններ ապահովելու նպատակ են հետապնդել։

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է, ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը, մահացած մյուս երկու զինծառայողներն են լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որտեղ լուրջ մտահոգություն են հայտնել շփման գծում ԼՂՀ ԶՈՒ ուղղաթիռի կործանման առնչությամբ: Նրանք կողմերին կոչ են արել խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը: