«Հայազն» կուսակցության անդամներ եւ նրանց մի քանի տասնյակ աջակիցներ այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի Ազգային ժողով, որտեղ սթափության նամակ-կոչ հանձնեցին ԱԺ պատգամավորներին եւ դեմ քվեարկել Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության պայամանագրին (ֆոտոռեպորտաժ)։
«Մենք պահանջում ենք չվավերացնել ԵՏՄ-ի չարաբաստիկ պայմանագիրը եւ հիշեցնելու ենք, որ ի վերջո բոլորը դատարանում պատասխան են տալու ազգային դավաճանության համար: Անկախությունը կորցնելուն հավասար պայմանագիր է սա։ Ժամանակին մեզ ասում էին՝ սպասեք՝ պայմանագիրը ի հայտ գա, նոր քննադատեք, մենք սպասեցինք պայմանագիրը ի հայտ եկավ, այդ ժամանակ տեսանք՝ ինչ բացասական կետեր կան: Ամենակարեւրը ոչ թե 750 անուն ապրանքների թանկացումն է եւ սոցիալական հարցերը, այլ ինքնիշխանության զիջումն է: Սա կարելի է միանգամայն դավաճանություն համարել»,- NEWS.am-ին ասաց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը:
Ոստիկանության մեկ տասնյակից ավելի աշխատակիցների ուղեկցությամբ ցուցարարները «Ազատ, անկախ Հայաստան» վանկարկելով հասան ԱԺ, որտեղ արդեն հավաքվել էին մեկ տասնյակից ավելի քաղաքացիական ակտիվիստներ։
Նշենք, որ այսօր մեկնարկած ԱԺ քառօրյայի օրակարգում ընդգրկված է նաեւ Հայաստանի ԵՏՄ անդամակցության պայմանագիրը։














