Բոլոր այն պատգամավորները, որոնք կողմ կքվեարկեն ԵՏՄ անդամակցության պայմանագրին, իրենց ժառանգների համար կարող են գրել, որ «այդ օրը այդ ժամին իշի քուռակ են եղել»։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ԱԺ-ի ընդդեմ ԵՏՄ անդամակցության բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց Պարույր Հայրիկյանը, ԵՏՄ անդամակցությանն աջակցող հայկական կուսակցություններին անվանելով «Կրեմլի քոծեր» (ֆոտոռեպորտաժ

ԱԻՄ առաջնորդը Եվրասիական տնտեսական անդամակցությանը Հայաստանի միանալը դավաճանություն չի համարում հայ ժողովրդի հանդեպ, քանի որ ըստ նրա՝ դավաճանությունն անգամ տրամաբանություն է ունենում։

«Բողոքի ակցիայով մենք մեր խղճի պարտքն ենք կատարում, եւս մեկ անգամ հիշեցնում ենք, որ չի կարելի աննորմալ լինել: Պատգամավորները ոչ թե քվեարկելու են ԵՏՄ միավորման օգտին, այլ ամեն պատգամավոր իր հերթին իր առողջության վերաբերյալ տեղեկատվություն է տալու: Եթե մի քանի ամիս առաջ հայտնի չէր, թե ինչը ինչ է, այսօր ցանկացած առողջ մարդու համար ակնհայտ է, որ գործ ունենք մի հոգեկան հիվանդի դրսեւորման հետ: Դեպի կործանում գնացող Ռուսաստանի հետ կապերը սերտացնելու մասին որոշման ընդունումը հայ ժողովրդի դեմ չի, այն բանի վկայությունն է, որ այս մարդկանց կարելի է տանել հոգեբուժարան: Այսօր ամեն մարդ գիտի, որ Պուտինն այլեւս արժեք չէ, Ռուսաստան չկա, երեկ Ռուսաստանը վաճառի հանեց պետական ձեռնարկությունները: Չի կարելի քաղաքակրթության դեմ պատերազմ հայտարարել, չի կարելի պատերազմ հայտարարողներին դաշնակից դառնալ, ժողովրդին տանել այդ ճանապարհով»,-ասաց Պարույր Հայրիկյանը:

Նշենք, որ բողոքի ակցիային մասնակցում էին նաեւ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը, լրագրող Գայանե Առուստամյանը:

Նշենք, որ ԱԺ այս քառօրյայում քննարկվում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման հարց:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am