ԱԺ պատգամավորները, կողմ քվեարկելով Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը, ցույց կտան, որ իրենք, որպես ժողովրդի ընտրյալներ, ունակ չեն կատարել իրենց առաքելությունը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, որը մի խումբ քաղաքացիների հետ ԱԺ-ի մոտ էր գնացել՝ անհամաձայնություն հայտնելու ԵՏՄ անդամակցությանը:
Ակցիայի մասնակիցները հավաքվել էին շենքի դիմաց 17:00-ին, երբ ԱԺ-ում քննարկվում էր ԵՏՄ անդամակցության հարցը: Նրանք պատգամավորներին կոչ էին անում դեմ քվեարկել Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության պայամանագրին:
Բորիս Նավասարդյանի կարծում է, որ ԵՏՄ անդամակցումից մեզ կարող է փրկել ԵՏՄ-ի կործանումը:
«Ակցիայի նպատակն է ցույց տալ, որ հասարակության ակտիվ մասի մի մասը հստակ դիրքորոշում ունի եւ հասկանում է, որ ԵՏՄ անդամակցությունը Հայաստանը տանում է դեպի կործանում։ Այս պայմաններում այդ կործանումից մեզ կարող է փրկել միայն ԵՏՄ կործանումը, որը նույնպես շատ հավանական է, եւ դա մեր հույսն է: Սա նույն է, ինչ գնալ եւ կործանվող նավ նստել: Դա ուղղակի քաղաքական անխոհեմության դրսեւորում է, մեր քաղաքական գործիչների կողմից», - նշեց Բորիս Նավասարդյանը:
Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը կարող են խոչընդոտել նաեւ ԵՏՄ անդամ հանդիսացող Ղազախստանն ու Բելառուսը։
«Հնարավոր է՝ Ղազախստանի եւ Բելառուսի խորհրդարանները չվավերացնեն այս պայմանագիրը: Դա հնարավոր է հենց այն պատճառով, որ Հայաստանի անդամակցությունը այդ երկու երկներն էլ դիտարկում են որպես միայն Ռուսաստանի շահերից բխող, բայց ոչ իրենց: Այս լարված պայմաններում կարող են ընդդիմանալ Ռուսաստանի ցանկությանը»,- ասաց նա։
Այս բողոքի ակցիան յուրօրինակ էր նրանով, որ մասնակիցները իրենց ձեռքին պահել էին սպիտակ, առանց գրության ցուցապաստառներ, քանի որ իրենց ասելիքը, միեւնույն է, տեղ չի հասնում։
«Էլ ի՞նչ ասենք, դատարկ են, որովհետեւ մինչեւ այժմ ինչ ասել ենք, տեղ չի հասել, փաստացի այլեւս բան չի մնացել ասելու, ձայն բարբառո հանապատի»,- ասաց ակցիայի մասնակիցներից Աննա Շահնազարյանը:
Նշենք, որ դեկտեմբերի 1-4-ը խորհրդարանում նախատեսվում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկումը: Պայմանագիրը ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից:











