Մի խումբ քաղաքացիներ այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ շենքի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ այս պահին բողոքի ակցիա են անում: ԱԺ շենք են մտել արդեն մեծ թվով ՀՀԿ-ական պատգամավորներ, որոնց ակցիայի մասնակիցները նախ հարցնում են՝ հայ ազգին եք կողմ, թե ռուս, այնուհետեւ ըստ պատասխանի անվանում «դավաճաններ», կամ հորդորում դեմ քվեարկել:
ԱԺ շենք մտնող պատգամավորների մեջ էր նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որն իրեն ուղղված հարցին պատասխանեց, որ համ հայ ազգին է կողմ, համ ռուս ազգին: «Համ հային եմ կողմ, համ ռուսին»,-ասաց Սամվել Ալեքսանյանը ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հետ մտավ ԱԺ շենք:
Ակտիվիստներին մոտեցավ նաեւ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, մի քանի րոպե կանգնեց ակտիվիստների հետ: Նրանք պատգամավորին խնդրեցին ԱԺ-ում բարձրացնել իրենց մտահոգող հարցերից մեկը, այն, որ ԵՏՄ անդամակցումից հետո Հայաստանում փաստաթղթային լեզուն հայերեն չի լինելու:
ՀՀԿ-ական պատգամավոր Վազգեն Կարախանյանին ակտիվիստները նույնպես ուղղեցին նույն հարցը: Պատգամավորը սկզբում հարցրեց իրեն հարց տվող ակտիվիստի անունը, ապա ասաց. «Ոնց քեզ կապտակեի հենց հիմա, ո՞ւր էիր, որ ես պայքարում էի Սովետմիության դեմ»: Ակտիվիստի պատասխանին, որ գիտի, պատգամավորը հարցրեց՝ «ինչի՞ ես նման հարց տալիս», այնուհետեւ ձեռքը ուղղելով ակտիվիստների հետ կանգնած Զարուհի Փոստանջյանին ասաց. «Այս ամերիկացի լրտեսի՞ն եք հավատում»:
ԵՏՄ անդամակցության դեմ բողոքող քաղաքացիները ԱԺ մտնող պատգամավորների հետեւից վանկարկում են «Դավաճաններ», «ամոթ, ամոթ»:
Խորհրդարանի մուտքի մոտ հավաքված ակտիվիստները Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին էլ դիմավորեցին «դավաճան» կոչերով, քանի որ ՀԱԿ-ն էլ է հայտարարել ԵՏՄ-ին անդամակցելու անշրջելիության, պայմանագրին կողմ քվեարկելու պատրաստակամության մասին: Ակտիվիստներից մեկի հարցին՝ կո՞ղմ է ԵՏՄ-ին, թե՞ ոչ, Արամ Մանուկյանը ոչինչ չպատասխանեց, փոխարենը հարցրեց. «Դուք հայ ազգի՞ն եք դավաճան ասում»:
Ակտիվիստի «Ամբողջ ՀԱԿ-ին» պատասխանին էլ Արամ Մանուկյանն արձագանքեց. «Դուք դրա իրավունքն ունե՞ք, որ դավաճան եք ասում ՀԱԿ-ին»: Դրանից հետո 1990թ. Անկախության հռչակագիրն ընթերցած պատգամավորը հեռացավ գլխահակ:
Նշենք, որ ակցիային մասնակցում են նաեւ լրագրող Գայանե Առուստամյանը, քաղաքացիական ակտիվիստ Գագիկ Սարուխանյանը, Վարդգես Գասպարին, «Ժառանգություն» կուսակցության անդամներ Դավիթ Սանասարյանը, Ստեփան Սաֆարյանը:
Ակտիվիստները ԱԺ Դեմիրճյան մուտքի մոտից շարժվեցին դեպի դիմացի մուտք, որտեղ հավաքված են ԱԻՄ-ականներ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ:





Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











