ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միությունն այդպես էլ չի կայանալու, բայց թեկուզ կարճ ժամանակահատվածում մեծ վնասներ է պատճառելու Հայաստանին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ մուտքի մոտ հավաքված՝ ԵՏՄ անդամակցութան դեմ բողոքող ակտիվիստներին եւ լրագրողներին ասաց պատգամավորը:
«Եթե մենք վավերացնում ենք այս հակասահմանադրական պայմանագիրը, որն ազդեցություն է ունենալու մեր ինքնիշխանության վրա, իհարկե, դա միանշանակ պետական դավաճանություն է։ Ես դատարան չեմ, բայց մեր ապագա սերունդները այս փաստը այդպես են գնահատելու: Ու թեպետ այս միությունը մեռելածին է, չի էլ կայանալու, այս ընթացքում հայ ժողովրդին մեծ վնասներ է պատճառելու: Այս ընթացքն ամենավտանգավորն է»,- ասաց Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ պետք էր վերլուծել, գնահատել իրավիճակը եւ չստորագրել ԵՏՄ անդամակցության փաստաթուղթը:
Ակտիվիստները Փոստանջյանի հետ զրույցում մտահոգություն հայտնեցին, որ ԵՏՄ անդամակցության դեպքում ռուսերենը դառնալու է փաստաթղթաշրջանառության հիմնական լեզուն եւ պատգամավորին խնդրեցին բարձրացնել այդ հարցը Ազգային ժողովում քննարկումների ժամանակ։
Փոստանջյանը խոստացավ, որ կբարձրացնի, միաժամանակ, նկատեց, որ դա անխուսափելի է. «Որ 20 տարի առաջ գնում էիք մի տեղ, ասում էին՝ Ռաշա-Ռաշա, հիմա էլ նույն ձեւ, նույն սաթելայթ պետությունը պետք է լինենք»:
Նշենք, որ դեկտեմբերի 1-4-ը խորհրդարանում նախատեսվում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկումը, որն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից: Այս կապակցությամբ արդեն 2 օր է՝ մի քանի տասնյակ ակտիվիստներ բողոքի ակցիաներ են անցկացնում ԱԺ շենքի մոտ՝ պահանջելով, որ պատագամավորները դեմ քվեարկեն ԵՏՄ անդամակցության պայմանագրին:











