Ոչ իշխանական ուժերը, որոնք պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, բայց կողմ են Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը, սպասարկում են Սերժ Սարգսյանի շահերը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ԱԺ մուտքի մոտ հավաքված՝ ԵՏՄ անդամակցության դեմ բողոքող ակտիվիստներին ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
«Այս վիճակի մեջ մենք հայտնվել ենք Սերժ Սարգսյանի ապօրինի ստորագրության հետեւանքով։ Հետեւաբար բոլորը, ովքեր սպասարկում են Սերժ Սարգսյանի այս ապօրինի ստորագրությունը, սպասարկում են Սերժ Սարգսյանին»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։
Լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք նա նկատի ունի նաեւ ՀԱԿ պատգամավորներին, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Իհարկե»։
Ըստ պատգամավորի՝ թե Սերժ Սարգսյանին, թե նրան աջակցողներին պետք է պատասխանատվության կանչել, քանի որ նրանք «Հայաստանը բռնակցում են մի միության, որի ճակատագիրն անհայտ է»։
Նրա խոսքով՝ ԵՏՄ անդամակցությունը կվտանգի Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությունը, այն մեր երկրի համար վտանգ է ներկայացնում ռազմավարական, տնտեսական եւ անվտանգության առումով. «Մի մոռացեք, որ Պուտինը հայտարարեց, որ Թուրքիան Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է։ Մենք պետք է գիտակցենք, թե ինչ իրավիճակում ենք հայտնվել»։
Նշենք, որ դեկտեմբերի 1-ին մեկնարկած ԱԺ քառօրյայի օրակարգում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկումն է, որն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից: Արդեն 3-րդ օրն է՝ մի քանի տասնյակ ակտիվիստներ բողոքի ակցիաներ են անցկացնում ԱԺ շենքի մոտ՝ պատգամավորներից պահանջելով, որ կողմ չքվեարկեն ԵՏՄ անդամակցության պայմանագրին:











