ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը կողմ է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ԱԺ մուտքի մոտ հավաքված՝ ԵՏՄ անդամակցության դեմ բողոքող ակտիվիստներին ասաց Գուրգեն Արսենյանը:

«Ես ունեմ իմ կարծիքը, ես համոզված կողմնակից եմ ԵՏՄ-ին: Մինչեւ սեպտեմբերի 3-ի նախագահի հայտարարությունն ասել եմ, թե ինչու եմ մտածում, որ դա ճիշտ է: Իմ համոզմունքի հիմքում դրել եմ ոչ թե տնտեսական շահը, այլ հայ ժողովրդի անվտանգ կենսագործունեության կարեւոր երաշխիքը»,-ասաց նա:

Ակտիվիստներից մեկի հարցին՝ ինչպես է վերաբերվում ռուս-թուրքական բարեկամությանը, պատգամավորը պատասխանեց, որ ինքը «չի ապրում այլ ազգի ատելով»:

«Թշնամիներ պետք է ման գալ մեր ներսում: Մեր ներսում թշնամին լոդրությունն ա, լեզվին տալն ա, կոռուպցիան ա»,-ասաց Գուրգեն Արսենյանը, ինչից հետո ակտիվիստներից մեկը նկատեց, որ ինքը տեսել է, թե ինչպես է նրա կուակցությունը՝ ԲՀԿ-ն, ընտրակաշառք բաժանում համայնքներում: Գուրգեն Արսենյանը վրդովված արձագանեց՝ ասելով, որ ակտիվիստիստ իր այդ ասածով ապացուցում է, որ ինքը ճիշտ էր, երբ ասում էր, որ երկրում մնացել են միայն լեզվին տվողները եւ ոչ մի բան չանողները:

Նշենք, որ դեկտեմբերի 1-ին մեկնարկած ԱԺ քառօրյայի օրակարգում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկումն է, որն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից: Արդեն 3-րդ օրն է՝ մի քանի տասնյակ ակտիվիստներ բողոքի ակցիաներ են անցկացնում ԱԺ շենքի մոտ՝ պատգամավորներից պահանջելով, որ կողմ չքվեարկեն ԵՏՄ անդամակցության պայմանագրին: