Ապրեք ձեր առօրյա կյանքով, որ փորձեք ապրել ձեր հաշվին։ Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն այսպես դիմեց իրեն ամթանք տվող,  «պուտինկա» եւ «Պուտինի ստրուկներ» անվանող քաղաքացիներին։

«Խելագար մոտիվներին չեմ ցանկանում որեւէ ձեւ անդրադառնալ։ Մարդիկ են, որոնք ունեն իրենց կարծիքը, որը չի համապատասխանում բացարձակապես իրավիճակին։ Մոլորության մեջ են, որոնց պատասխանելու ցանկություն չունեմ, որովհետեւ նրանք պատրաստ չեն լսելու սթափ փաստարկներ»,-ԱԺ շենքի մոտ լրագրողներին ասաց Գուրգեն Արսենյանը։

Պատգամավորը նշեց, որ ԵՏՄ անդամակցությանը կողմ է եւ այդ կապակցութամբ ունի հստակ տեսլական, որը ժամանակի ընթացքում կապացուցի իր ճիշտ լինելը. «Ամեն մարդ իր առօրյայում կզգա, թե ինչ փոխվեց իր կյանքում։ Հայաստանում աշխատելու ունակ մարդիկ, ոչ թե լեզվին տվողները, ունենալու են տնտեսական ակտիվ գործունեություն ծավալելու հնարավորություն»։

Պատգամավորի կարծիքով՝ ժամանակը ցույց կտա, որ իրենց այսօրվա ընտրությունը ճիշտ էր, իսկ եթե պարզվի, որ սխալ էր, ուրեմն այսօրվա երիտասարդները կլինեն այն սերունդը, որը կփոխի այդ իրավիճակը։

Գուրգեն Արսենյանին հունից հանեցին իրեն հակաճառող ակտիվիստները. «Երիտասարդ, ինչի՞ ազդեցության տակ եք։ Քո հետ խոսում ա քո հոր տարիքի մեկը։ Բարի եղիր, լեզուդ պահիր ատամներիդ տակ, երբ քո հետ խոսում ա քեզնից տարիքով մեծ մարդ»։

Նշենք, որ այսօր ԱԺ-ն 103 «կողմ, 7 «դեմ» եւ մեկ «ձեռնպահ» ձայներով վավերացրեց ԵՏՄ անդամակցության պայմանագիրը։ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի կողմից ՀՀ անդամակցության պայմանագրի վավերացումներից հետո Հայաստանը 2015-ի հունվարի 1-ին կդառնա ԵՏՄ լիիրավ անդամ: