Որոշ պատգամավորներ ԵՏՄ անդամակցության պայմանագրին կողմ են քվեարկել ճնշման տակ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, որը դեմ է քվեարկել անդամակցության պայմանագրին:
«Չեմ կարծում, որ բոլորն են քվեարկել համոզմունքով, պետք է հաշվի առնել, որ կային ֆրակցիաներ, որտեղ քաղաքական որոշման ազդեցությամբ եւ ճնշմամբ մարդիկ եղան, որ քվեարկեցին կողմ այն պայմանագրին, որը մեզ զրկում է մեր ինքնիշխանության հետ կապված շատ խնդիրներից, եւ որեւիցե բալերավվում չի բերելու Հայաստանին»,- ասաց պատգամավորը:
Խաչատուր Քոքոբելյանի խոսքով՝ ԱԺ-ի դիմաց 4 օր անցկացվող բողոքի ակցիաներն ինչ-որ ազդեցություն ունեցել են. «Վստահ եմ, որ հոգեբանական եւ, ինչու չէ, իմաստային առումով եղել է մեծ ազդեցություն: Եթե ինչ-որ մեկը փորձում է նսեմացնել թեկուզ հինգ կամ տասը հոգու քաղաքացիական դիրքորոշումը, ապա ես չեմ կիսում այդ կարծիքը: Վերջապես մենք պայքարում ենք նաեւ դրա համար»:
Նշենք, որ այսօր ԱԺ-ն 103 «կողմ, 7 «դեմ» եւ մեկ «ձեռնպահ» ձայներով վավերացրեց ԵՏՄ անդամակցության պայմանագիրը։ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի կողմից ՀՀ անդամակցության պայմանագրի վավերացումներից հետո Հայաստանը 2015-ի հունվարի 1-ին կդառնա ԵՏՄ լիիրավ անդամ:











