Ադրբեջանցի դիպուկահարների կրակոցից դեկտեմբերի 13-ին վիրավորված՝ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչ, 33-ամյա Աղասի Թամրազյանը դեռ բուժում է ստանում, քայլել չի կարողանում, սակայն համեմատաբար իրեն լավ է զգում:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Աղասինին պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել դիրքերից ընդամենը 1 կմ հեռավորության վրա:

«Ես ձկնորսությամբ եմ զբաղվում եւ միշտ գիշերները գնում եմ ձուկ բռնելու, բայց հենց լույսը բացվում է, վերադառնում եմ: Այս անգամ ուղղակի չհասցրի մինչեւ լույսը բացվելը հեռանալ, եւ սնայպերները սկսեցին կրակել ինձ վրա: Մոտ 7-8 կրակոց հնչեց իմ ուղղությամբ, արագ թաքնվեցի քարերի մեջ, տեսա, որ կոնկրետանում են կրակոցները, դուրս եկա թաքստոցից ու մինչեւ վազում էի, զգացի, որ ինչ-որ բան կպավ ոտքերիս, բայց այդ պահին ոչ մի ցավ չզգացի: Հետո երբ արդեն թաքնվել էի, տեսա, որ ոտքերս վնասվել են»,- ասաց Աղասի Թամրազյանը:

Նրա խոսքով՝ բարեբախտաբար, փամփուշտը ոսկորին չի հասել եւ հոսպիտալացվելու կարիք չի ունեցել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ադրբեջանցի դիպուկահարները դեկտեմբերի 13-ին վաղ առավոտյան կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, արձակված երկու փամփուշտները կպել են նույն գյուղի բնակիչ Աղասի Թամրազյանին եւ վիրավորել ոտքերը: Աղասի Թամրազյանն ուներ աջ սրունքի վերին երրորդականի, ձախ սրունքի ստորին երրորդականի հրազենային հպանցիկ մակերեսային վերքեր: