Ադրբեջանցի դիպուկահարների կրակոցից այսօր՝ դեկտեմբերի 13-ին, վիրավորված՝ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչ, 33-ամյա Աղասի Թամրազյանն Իջեւանի բժշկական կենտրոնում ստացել է բուժօգնություն եւ գնացել տուն: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին բժշկական կենտրոնից:

Նրանց փոխանցմամբ՝ Աղասի Թամրազյանն ուներ աջ սրունքի վերին երրորդականի, ձախ սրունքի ստորին երրորդականի հրազենային հպանցիկ մակերեսային վերքեր:

«Վիճակը նորմալ է, դրա համար էլ չհոսպիտալացվեց, գնաց տուն»,- ասացին հիվանդանոցից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ադրբեջանցի դիպուկահարները դեկտեմբերի 13-ին վաղ առավոտյան կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, արձակված երկու փամփուշտները կպել են նույն գյուղի բնակիչ Աղասի Թամրազյանին եւ վիրավորել ոտքերը: Գյուղապետի խոսքով՝ Աղասիի վրա կրակել են ձուկ բռնելու ժամանակ: