«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» հակադարձել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի տարեվերջյան ասուլիսում հնչած հայտարարություններին, թե ԵՏՄ-ին անդամակցության արդյունքում հայրենի գյուղատնտեսության համար «հիանալի հեռանկարներ են բացվում»:
«Իրազեկ Քաղաքացիների Միավորման» պատասխանում ասվում է.
«Թեեւ նախարարը չներկայացրեց իր այդ պնդման հիմքերը, հարկ ենք համարում եւս մեկ անգամ հիշեցնել հետեւյալը: ԵՏՄ անդամակցության արդյունքում`
1. 2015 թվականի հունվարի 1-ից 13-14 տոկոսով թանկանալու են այլ երկրներից բերվող տրակտորները: Իսկ գյուղատնտեսական տրակտորների 75 տոկոսը, ըստ գյուղ. նախարարության, բերվում են հենց այլ (ոչ ԵՏՄ) երկրներից: Բելառուսական տրակտորները չեն էժանանալու, քանի որ այժմ եւս 0-ական դրույքաչափով են մաքսազերծվում:
2. Սերմացուները թանկանալու են շուրջ 5 տոկոսով եւ այդ թանկացումների զգալի մասը կլինի կրկին 2015 թվականի հունվարի 1-ից: Սերմացուների մեծ մասը առհասարակ չի արտադրվում ԵՏՄ-ում: Այդ մասին վկայում է այն փաստը, որ Ռուսաստանի կառավարությունն արեւմուտքի դեմ «հակընդդեմ պատժամիջոցների» ցանկից շատ արագ հանեց սերմացուն եւ պարարտանյութերը` թույլատրելով դրանք ներմուծել ԱՄՆ-ից ու Եվրոպայից:
3. 2018-2019 թվականներին 8-ից 9 տոկոսով թանկանալու են պարարտանյութերը, որոնք, կրկին, գրեթե ամբողջությամբ բերվում են ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներից:
4. 2020 թվականից առնվազն 19 տոկոսով են թանկանալու ԵՏՄ-ից դուրս արտադրված բեռնատար ավտոմեքենաները: Ընդ որում, 10-15 տարի օգտագործված բեռնատարները թանկանալու են մինչեւ 100 տոկոսով: Իսկ գյուղացիները, համարյա միշտ, օգտագործում են ամերիկյան Ford Transit-ներ եւ արեւմտյան այլ մեքենաներ: Իսկ Ռուսական “Газель”-ները չեն էժանանալու, քանի որ այժմ ԱՊՀ տարածքում 0-ական դրույքաչափով են մաքսազերծվում:
5. Գյուղատնտեսությունը զրկվեց ԵՏՄ-ից 40 անգամ ավելի մեծ Եվրոպական շուկա դուրս գալու հնարավորությունից, քանի որ Հայաստանը կորցրեց այլ երկրների հետ ազատ առեւտրի համաձայնագրեր ստորագրելու իրավունքը, ինչը տապալեց Եվրոպայի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը:
6. Թեեւ հայրենի գյուղմթերքներ արտահանողները ազատվում են Ռուսաստանում ոչ սակագնային կարգավորումների խնդրից, սակայն ոչինչ չի փոխվի մաքսատուրքի մասով, քանի որ ԱՊՀ ազատ առեւտրի գոտում 2011 թվականից այն արդեն 0-ական է: Բացի այդ, արտահանողները չեն ազատվում նաեւ Ռուսաստանում այլ հարկերից:
Եթե այս փաստերի ֆոնին Գյուղատնտեսության նախարարը շարունակում է պնդել, որ ոլորտը ԵՏՄ անդամակցությունից կշահի, ապա նա պարտավոր է ներկայացնել հիմնավոր հակափաստարկներ:











