15-ամյա Շահեն Հարությունյանը չի տխրում, որ 2015թ. չի դիմավորելու հոր՝ Շանթ Հարությունյանի հետ. այս տարի հայրն ավելի մոտ է թվում, քան նախորդ տարիներին:

«Շատ բան չի փոխվել, որովհետեւ իմ համար ֆիզիկականը չէ կարեւոր, այն ժամանակ հայրս ֆիզիկապես կողքիս էր, բայց հոգեպես կապված չէինք, հիմա կարեւորն այն է, որ հոգեպես ենք մենք իրար հետ կապված: Հիմա կարող ենք թեկուզ հեռախոսով, կամ տեսակցությունների ժամանակ խոսել այնպիսի բաների մասին, որ երկուսիս կապում է»,- ասում է նա։

Շահենի խոսքով՝ չնայած հայրն անցնող տարում կալանավայրում է եղել, իրենք այս ընթացքում ավելի շատ են շփվել, քան երբեւէ:

«Նախկինում կարծում էին, որ հայրս ինձ հայրություն չի արել, դրա համար միշտ մեղադրել եմ նրան, թեկուզ իմ մտքում: Այս մեկ, մեկուկես տարվա ընթացքում հասկացա, որ ճիշտ հայրությունը ինքն է արել, որովհետեւ հայրությունը միայն այն չի, որ երեխայի հետ խաղան, էս մի բանը ապահովեն, էն մի բանը ապահովեն: Հայրս իմ համար ամենաթանկ բանն է ցանկացել ապահովել՝ հայրենիքը, որտեղ ես ապրում եմ»,- պատմեց Շահեն Հարությունյանը:

Շահենի համար Շանթն առաջին հերթին պայքարի ընկեր է, հետո՝ հայր. «Ես նրան վերաբերվում եմ որպես պայքարի ընկերոջ, ավագ ընկերոջ, քանի որ մենք ավելի մտերմացել ենք հենց պայքարի բերումով: Մեր կապն ստեղծվել, խորացել է մեկ տարի առաջ, երբ սկսվեց արժեքների հեղափոխությունը»:

Փոքր հասակում հոր հետ անցկացրած քիչ ժամանակից Շահենի մոտ ամենաշատը տպավորվել են ձմեռները. «Երբ ձյուն էր գալիս, դուրս էինք գալիս, այգում նստացնում էր սահնակին ու ամբողջ այգով քշում, ձնեմարդ էինք պատրաստում: Մի Նոր տարուն էլ, իմ խնդրանքով, պատրաստեցինք թռչնի բույն ու տեղադրեցինք դրսում, բայց ես հետեւողական չեղա այդ բնին, հայրս էր, որ միշտ ցորեն, գարի էր լցնում»,- հիշում է Շանթ Հարությունյանի որդին:

Շահենը հիշում է նաեւ, որ իր հայրը խնջույքներին ուրախ չէր լինում. «Նա անձնական նպատակ չի ունեցել, նրա ծրագրերը հայրենիքի հետ են կապված եղել: Խնջույքներին երբեք լիարժեք չի ուրախացել, որովհետեւ ինքն իր կյանքը նվիրել է  հայրենիքին, եւ եթե կարծել է, որ հայրենիքը վատ վիճակում է, երբեք լիարժեք իրեն թույլ չի տվել ուրախանալ»:

Շահեն Հարությունյանի խոսքով՝ 2014թ. իր համար շրջադարձային է եղել, եւ շատ բան է փոխել իր կյանքում:

«Ամբողջ տարին գաղափարային հասունացման առումով շրջադարձային էր, այս տարվա ընթացքում հասկացա եւ հասունացա այնքան, որքան չեմ հասկացել նախորդ տարիներին։ 2014թ. մտածելակերպս փոխեց, ժողովրդի հետ ես մեծ հույսեր էի կապում, մտածում էի, որ յուրաքանչյուրն ունի արժանապատվություն: Այս տարվա մեջ տեսա, որ շատերի մոտ դա կեղծ է: Սկսել եմ հասկանալ իրականությունը»:

15 տարեկանում 4 տարվա պայմանական ազատազրկման դատապարտված Շահեն Հարությունյանի ամանորյա ցանկություններն էլ կապված են հայրենիքի ապագայի հետ:

«Կուզեմ՝ մեր երկիրը 2015թ. լինի ազատ անկախ եւ ինքնիշխան, հայ քաղաքացին լինի  արժանապատիվ: Ընդհանրապես ոչ մեկից ոչ մի բան չեմ ակնկալում, ոչ մեկի վրա հույս չեմ դնում: Եթե նախորդ տարի մտածում էի, որ մարդիկ դուրս կգան փողոց, դուրս կգան իրենց արժանապատվությունը պահելու, Հայաստանն առանց քաղբանտարկյալների կլինի, հիմա դա էլ չեմ ակնկալում»,- ասաց Շահենը: