Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված պատարագին այսօր՝ հունվարի 6-ին, ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը, վարչապետ՝ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ եւ դեսպաններ:

Այս տարի Հայրապետական ամպհովանին թափորի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավերեւում կրում էին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն բ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Չարչյանը, Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետ Արա Վարդանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանը եւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի ուսումնական գծով փոխտեսուչ բ.գ.թ. Գեւորգ Մադոյանը:

Հրաշափառ Ս. Ծննդյան պատարագի ընթացքում կաթողիկոսը շնորհավորեց եկեղեցականաց դասին եւ աշխարհասփյուռ հայ ժողովրդին եւ տոնի առիթով ամենքին հղեց իր հայրապետական պատգամը:

«Քրիստոսի ծնունդը մարդու փրկության ավետիսն էր: Քրիստոսի ծննդյան եւ Աստվածահայտնության տոնը մեր եկեղեցու եւ ընդհանրապես քրիստոնեական եկեղեցու տոնակարգի հիմքն է»,- NEWS.am-ին ասաց տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:

Հունվարի 5-ին բոլոր եկեղեցիներում տոնական պատարագ (Ճրագալույց) է մատուցվել` ի նշան Սունբ ծննդյան հայտնության: Մարդիկ եկեղեցիներից վառված մոմեր են տանում եւ նշում են Սուրբ Ծնունդը: Հունվարի 6-ի առավոտյան հայկական եկեղեցիներում Սուրբ պատարագ է մատուցվել, ապա Ջրօրհնեք է կատարվել:

Հայկական եկեղեցին միակն է, որ Քրիստոսի ծնունդը նշում է հունվարի 6-ին: Հայ առաքելական եկեղեցու օրացույցով Սունբ Ծննդին նախորդում է մեկշաբաթյա պասը` դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը: