Գյումրիում դաժանորեն սպանված 6 հոգանոց ընտանիքի անդամներից 6-ամսական երեխայի վիճակը, որն արդեն տեղափոխվել է Երեւան, շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին,լրագրողների հետ զրույցում ասաց, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:
«Մեզ հաջողվեց ապահովել երեխայի տեղափոխումը Գյումրիից Երեւան արհեստական շնչառական ապարատով, ինչը շատ բարդ փուլ էր, քանի որ երեխան ոչ ստաբիլ հերմոդինամիկայով էր: Մենք երեխայի հետագա բուժումը կկազմակերպենք արդեն «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում՝ մաքսիմալ օգտագործելով այստեղի ռեզերվները»,-ասաց նա:
Հիվանդանոցի տնօրենի խոսքով՝ երեխայի մոտ ներքին արյունահոսություն չկա, իսկ վիճակի ծանրությունը պայմանավորված է ծանր հեմոգլոբիկ շոկով, ռեւմատիկ գիպոտեմիայով եւ դրա հետ կապված ուղեղի այտուցով: «Երեխան շատ լուրջ վիճակում է»,-ասաց նա:
Նշենք, որ այս պահին երեխային է այցելել Հայաստանի առողջապահության նախարարը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին։ Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Վեց ամսական մյուս երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է եւ այժմ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ։











