Գյումրիում դաժանորեն սպանված 7 հոգանոց ընտանիքի միակ փրկված անդամի՝ 6-ամսական Սերյոժայի վիճակի վերաբերյալ այսօր՝ հունվարի 13-ին, Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ հրավիրվելու է բժշկական կոնսիլիում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում, որտեղ այսօր փոքրիկին ծանր վիճակում տեղափոխել են Գյումրիի հիվանդանոցից։

«Երեխան հիմա գտնվում է շոկային վիճակում, տուժել են հյուսվածքները, եւ իրականացվում են հակաշոկային գործողություններ: Հետազոտություններից հետո կկատարվի համակարգչային շերտագրում, եւ ես հուսով եմ, որ աշխատանքները կլինեն արդյունավետ: Իսկ 16:30-ին հրավիրված է բժշկական կոնսիլիում երեխայի վիճակը քննարկելու համար»,- լրագրողներին ասաց նախարարը՝ նշելով, որ այսօր ինքն իր աշխատանքային օրն անցկացնելու է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում:

Նախարարը նշեց, որ այս պահին երեխան միացված է արհեստական շնչառության ապարատին:

«Երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր, երեկ երեկոյան Երեւանից Գյումրի է մեկնել առաջատար մասնագետների խումբ՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի ղեկավարությամբ: Գիշերը բժիշկների խումբն անցկացրել է այնտեղ եւ այսօր երեխային հաջողվել է տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ ավելի հագեցված հնարավորություններ կան եւ այս պահին հիմնական գործողություններն ուղղված են երեխայի վիճակի կայունացմանը»,- լրագրողներին ասաց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Առողջապահության նախարարը նշեց, որ դեղորայքի հետ կապված որեւէ խնդիր չկա, երեխան ամեն տեսակի դեղորայքով ապահովված է, եւ այս պահին հետազոտությունների փուլում է գտնվում:   

 «Երեխայի մարմնի վրա մեկ թափանցող վերք է եղել եւ մի քանի այլ վերքեր: Ներքին օրգանների վնասվածքներ չկան: Վիճակի ծանրությունը բացատրվում է հիմնականում շոկով: Այս պահին վիրահատության կարիք չկա, եւ աշխատանքներ են իրականացվում երեխային շոկից հանելու ուղղությամբ»,- ասաց Արմեն Մուրադյանը: 

Առողջապահության նախարարը խնդրեց նաեւ, որ երեխայի բուժումն ապահովելու համար որևէ դրամահավաք չկազմակերպվի, քանի որ Առողջապահության նախարարությունը հոգում է երեխայի բուժման ծախսերը:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ` Բայանդուր գյուղի հատվածում: Այժմ քննարկվում է հարուցված երկու քրեական գործերը միացնելու եւ ՀՀ-ում կամ ՌԴ-ում քննելու հարցը: